Արթուր Վանեցյանը առաջարկում է իշխող ուժին իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իշխող ուժին առաջարկում է իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրել։
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,- գրել է Վանեցյանը իր twitter-ում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ Հրայր Թովմասյանը բազմիցս է իրեն առաջարկել իր ծառայությունները, սակայն վարչապետը հրաժարվել է դրանցից։
Ի պատասխան դրան Թովմասյանը վարչապետին 20 ժամանակ տվեց ապացուցել իր խոսքերը, այլապես նա կդիմի Փաշինյաի դեմ դատարան զրպարտության հայցով։
Վարչապետը Կապանից "մեսեջ" ուղարկեց, խոստանալով Երևան վերադառնալուն պես ներկայացնել շատ "հուժկու" փաստարկներ։ "Միայն թե ինձ չմեղադրեք, որ հարվածը շատ ուժեղ էր։ Ես չէի ուզում դուք ստիպեցիք",- գրել էր վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։
Կապանից վերադառնալուն պես, վարչապետը, ինչպես և խոստացել էր ներկայացրեց այդ "օբյեկտիվ և արժանահավատ" փաստը, որը ինչպես պարզվեց Հրայր Թովմասյանի գրիչն էր, որը վերջինս մի միջոցառման ժամանակ տվել էր վարչապետին, ապա հրաժարվել հետ վերցնել։ Վարչապետը դա ընդունել էր, որպես Թովմասյանի կողմից «քծնանքի նշան»։
Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»։


