երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն միայն մի դեպքում. իշխանությունը «ok»-ի է սպասում. «Ժողովուրդ»

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն միայն մի դեպքում. իշխանությունը «ok»-ի է սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը:

Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսեւորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձեւակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին:

Բայց գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է Սահմանադրական փոփոխություններ եւս իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով:

Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչեւ ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին:

Իսկ մինչեւ ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: