երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ չկա հստակություն. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ շատ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը», որ կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը, իրականում դեմ են այդ սցենարին: «ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չի անել, և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը՝ իր դիրքը կարևորելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը: Իսկ թե ինչու է նման պնդումներ անում, Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Լավ եմ ճանաչում գործելաոճը, ներկայացվում է մի տարբերակ, հետո փորձում են պայմանների ու պատճառների բերումով պայմանավորվածությունից, հայտարարությունից կամ իրավիճակից խուսանավել: Սա հայտնի գործելաոճ է»:

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացմանը դեմ է ընդդիմադիր կուսակցությունների մոտ 80 տոկոսը, որովհետև գիտեն՝ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենցից շատերը չեն հատի անցողիկ շեմը:
 
 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված չկա հստակություն: «Ժամկետների մասին քննարկում է տեղի ունենում, ուզում ենք, որ ժամկետները նաև ընդդիմադիր ուժերին համապատասխան լինեն»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ կան նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր: «Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է փոխվի: Հիմա մենք պետք է քննարկենք ու հասկանանք՝ որն է այսօր ավելի կարևոր, այսինքն՝ կարո՞ղ ենք ընտրությունները հետաձգել ու նոր օրենսգրքով անել, թե՞ շուտ անենք ընտրությունները՝ հին օրենսդրությամբ: Սրանք հարցեր են, որ քննարկում ենք մեր գործընկերների հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են ընտրությունների»,- նշեց նա:

  • Կիսվել: