Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, քանի որ երկրորդ երկրի քաղաքացիություն ուներ. Արսեն Թորոսյան
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել, քանի որ երկրորդ երկրի քաղաքացիություն է ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Օրինակ՝ մենք ունեցել ենք նախագահ, որ, օրինակ, չէր կարող ունենալ երկրորդ երկրի քաղաքացիություն, որը օրենքով արգելված է, բայց երկրի նախագահ էր։ Նա հրաժարական տվեց այդ պատճառով, թեև պաշտոնական տեքստը այլ էր»:
Լրագրողների հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ նա հրաժարական չտվեց 2018–ին, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, այլ հեռացավ 44–օրյա պատերազմից հետո, Թորոսյանը պատասխանեց. «Եթե այդ ամեն ինչը հայտնի չի եղել, որտեղի՞ց կարող էր այլ բան որևէ մեկը իմանալ։ Դե թուղթ է ցույց տվել, որ ինքը միայն այս երկրի քաղաքացի է, հետո էլ պարզվել է, որ այդքան էլ այդպես չէ»:
Հարցին՝ կեղծ տեղեկա՞նք է ցույց տվել, ՔՊ–ական նախարարն ասաց. «Դրա վերաբերյալ, եթե չեմ սխալվում, նույնիսկ քրեական գործ կար։ Այդ մասին լավ կլինի հարցնել քրեական գործը քննողներին»։


