կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, բայց պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել. Արշակյան

Արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, բայց պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին ներկա է գտնվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ոլորտում որոշ ընկերությունների ծավալած գործունեությանն ու առաջարկող ծառայություններին: Հակոբ Արշակյանը, մասնավորապես, խոսել է աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների համար արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական և փաստաթղթային ամբողջ համակարգի վերլուծությամբ զբաղվող ընկերությունների գործունեության ու պետության համար եւս նման ծառայությունների անհրաժեշտության վերաբերյալ: «Հայտնաբերեցինք, որ չունենք տվյալների այնպիսի բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմն աշխատեցնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունն ու դրա վրա հիմնված ավտոմատ և արհեստական բանականությամբ զինված վերլուծություններ կատարել: Սա հանգեցրեց մեզ այն փաստերի ընկալմանը, որ մենք, այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ առկա է նման գրագետ բազաներ Հայաստանում ունենալու մարտահրավեր:

Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաև թվայնացմանը և բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության և մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է: Նա ներկայացրել է նաև իր դրական տպավորությունները քաղցկեղի տեղորոշմամբ և բուժմամբ զբաղվող ընկերություն այցից, որը ևս արհեստական բանականության ալգորիթմի միջոցով է աշխատում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը մոտ ապագայում մեծ փոփոխություններ է կատարելու աշխարհում և դրական հնարավորությունները չօգտագործող ընկերություններն ու պետությունները կարող են հայտնվել խոր ճգնաժամի և հետամնացության մեջ: «Պետության աշխատանքն է նաև, որ կարողանանք գրագետ մոտենալ հարցերին, խնդիրները ճիշտ ձևակերպենք, ճիշտ լուծումներ առաջարկենք ու օգտագործենք, հետ չմնանք այս կարևոր տեխնոլոգիական հեղափոխությունից և կարողանանք ինչ-որ չափով առաջնորդել այդ հեղափոխությունը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, տնտեսության, ռադիոհաղորդակցության, գիտական տեղեկատվության և մի շարք այլ ոլորտներում արհեստական բանականության գործիքակազմերն արդյունավետ ներդնելու հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, Կենտրոնական բանկի, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:

  • Կիսվել: