հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ: Մենք իհարկե պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինեն արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք: Հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են:

Մեր երկրի առաջ երկու այլընտրանք է, առաջինը՝ ինչպես առաջարկում է այս իշխանությունը, մոռանալն է մեր պատմությունը և մեկ միլիոն հինգ հարյուր հազար անմեղ սպանված հայերի ճակատագիրը: Իրենք առաջարկում են մեր ամբողջ պատմությունը մոռանանք, դիմացը առաջարկում են Թուրքիայից էժան լոլիկ բերենք, այս դեպքում ո՞րն է մեր գնահատանքը մեր հանդեպ, որպես ազգ մեր ազգային ինքնասիրության հանդեպ: Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել են ցեղասպանությունը, սադրա՞նք է դա, իհարկե ոչ:

Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչի անմեղ հայերի կոտորածը, դա տարածաշրջանում արդարության վերականգնման, ազգերի միջև երկարաժամկետ խաղաղության և համերաշխության հաստատման միակ լավ ճանապարհն է: Եթե մեկը սպանդ իրականացնելուց հետո ստիպում է քեզ ազգիդ 1,5 միլիոն մարդու ճակատագիրը մոռանաս և դու ընդունում ես, դա նշանակում է՝ դու ընդունում ես, որ քեզ հետ կարելի է այդպես վարվել»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: