հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով` Փաշինյանը երևի ուզել է ասի`ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը, բայց չարաչար սխալվում է. Բալասանյան

«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով` Փաշինյանը երևի ուզել է ասի`ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը, բայց չարաչար սխալվում է. Բալասանյան

Այսօր Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց ո՞րն է այդ տարածքը: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Մի մասն ասում է այդ տարածքը ներառում է միայն այսօրվա գործող սահմանները, մի մասը` 7 շրջանները, իսկ մի մասն էլ, թե ներառում է նաև Արցախը: Ադրբեջանն էլ խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին»,-ասաց նա:

Բալասանյանի խոսքով` արցախյան ազատամարտի տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, բանաձևեր ընդունել տալիս, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էին հարձակողական գործողությունները. «Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին. երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը և պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն»:

Վիտալի Բալասանյանը պատմեց, որ երբ 90-ականներին սկզբին իրենք խնդիր էին դրել ազատագրել Աղդամի կրակակետերը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը դեմ գնաց այդ որոշմանը. «Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լուր ուղարկեց, որ հեռու մնանք այդ օպերացիայից: Մենք սկսեցինք այդ օպերացիան հուլիսի 3-ին, և գիշերը ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին, որ դադարեցնենք այդ օպերացիան: Մենք չդադարեցրինք և ազատագրեցինք Աղդամը: ՀՀ իշխանությունները մեկ շաբաթ մեզ հորդորում էին, հրամաններ էին իջեցնում, որ րոպե առաջ լքենք Աղդամի տարածքը: Ես կտրուկ դեմ եմ եղել և չեմ կատարել այդ հրամանը: Դրանից մեկ շաբաթ անց հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը և ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես կոշտ պատասխան եմ տվել»:

Բալասանյանի խոսքով` Արցախի հարցում ՀՀ այսօրվա իշխանության վրած քաղաքականությունը Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է, թե՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»:

Վիտալի Բալասանյանը հայտարարեց. «Արցախը առայժմ ՀՀ մարզ չի լինելու: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ, որ բարձրաձայնում էին, թե Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Դրանով երևի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է ու նա մտածված է արել: Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է: ՀՀ իշխանությունները պետք է հետ վերադառնան և այն սխալները, որ արել են վերջին 1,5 տարվա ընթացքում, պետք է արագ շտկեն»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: