շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արցախի վերադարձ բանակցային սեղան. Պատգամավորը՝ հիմնախնդրի բանակցություններում հայկական կողմի նոր մոտեցումների մասին

Արցախի վերադարձ բանակցային սեղան. Պատգամավորը՝ հիմնախնդրի բանակցություններում հայկական կողմի նոր մոտեցումների մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հաստատում է, որ Հայաստանի որ իշխանությունները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում սեփական մարտավարությունն է որդեգրել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատգամավորը նկատեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները հույսևը դրել են Ադրբեջանի «ոչ»-ի վրա ու գնացել այդ ճանապարհով:

«Հեղափոխությունը և դրանից հետո լեգիտիմ իշխանությունը նշաձողերի փոփոխության հիմք են տալիս, և մենք առաջ ենք քաշել մեր օրակարգը: Փոխարենը քննարկելու լուծման այս կամ այն տարբերակը, որը տասնյակ տարիներ արդյունք չի տալիս, մենք առաջարկում ենք մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ֆորմատի վերականգնում: Այս քայլերից հետո միայն կարելի է խոսել բուն լուծումների ու գործողությունների մասին», -իշխանությունների մոտեցումները ներկայացրեց Տաթևիկ Հայրապետյանը:

Խնդրի լուծումը, ըստ պատգամավորի, պետք է ընդունելի լինի երեք երկրների ժողովուրդների կողմից: Ինչ վերաբերում է լուծման հարցում նոր իշխանությունների առաջարկվող լուծման վերաերյալ միջազգային հանրության վերաբերմունքին, ապա ըստ պատգամավորի, դրանք ավելի իրչատեսական են համարվում միջազգային հանրության կողմից:

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը «բավական ծանր» է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը:

«Նախորդ ժամանակներում տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ հանրային: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Իշխանական պատգամավորը ընդգծեց, որ Հայաստանի նոր իշխանությունները չպետք է շարունակեն նախորդների վարած քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի լուծման հարցում:

  • Կիսվել: