հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի նախագահի ուղերձն անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ՝ ամբողջությամբ

Արցախի նախագահի ուղերձն անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ՝ ամբողջությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես է եկել տեսաուղերձով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

՛՛Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով:

Այս պայմաններում որոշել եմ ժողովրդին ուղղված ուղերձով հանդես գալ՝ հնարավորինս բաց կերպով ներկայացնելով առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման իմ պատկերացումները: Խոսքս կփորձեմ կառուցել այնպես, որպեսզի առավելագույնս պատասխանեմ նաև քաղաքացիներից նախապես հավաքագրված հարցերի գերակշիռ մասին, որոնք վերաբերում են առաջնահերթորեն անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Իսկ մնացած հարցերին Նախագահի աշխատակազմի կողմից առաջիկա օրերին կտրվեն հասցեական պատասխաններ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով:
Խորին վշտակցությունս եմ հայտնում սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին: Թո՛ղ այլևս նոր զոհողությունների կարիք չլինի:
Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանությունները, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված:
Այժմ գալով անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին՝ պետք է նշել, որ, ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:
Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:
Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել և չենք խնայելու նաև պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և մեր առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին:
Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:
Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:
Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ: Սեփական տեսակը պահպանելու համար պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այդուհանդերձ, մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները:
Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը:
Այնուամենայնիվ, բոլորս պետք է ընկալենք, որ հակամարտության կարգավորման ու անկախության միջազգային ճանաչման համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ՝ աշխարհաքաղաքական բարենպաստ վիճակ, անվտանգային գործուն երաշխիքներ, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ու ախորժակի զսպման միջազգային կամք ու վարք: Սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնց ապահովման ուղղությամբ մենք չպետք է ջանք ու եռանդ խնայենք, իսկ դրա համար կրկին պետք է համախմբվենք՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ: Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը: Համոզված եմ, որ խելամիտ, հետևողական ու ռազմավարական ջանքերի շնորհիվ մեր արդար նպատակն իրագործվելու է:
Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին անգամ հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի:
Կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Պետք է նաև նկատի ունենալ, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին: Մի բան հստակ է, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել:
Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած քննադատություն, դրանից քաղելու դասեր ու խորհուրդներ, բայց երբեք չենք կարող անգործություն ցուցաբերել՝ քննադատվելու մտավախությունից ելնելով, դա քաղաքական իշխանության և պետական կառավարման տապալում կլինի, մենք՝ իշխանություններս, պետք է խիզախություն ցուցաբերենք և պատրաստակամ լինենք գործելու, կարևորն այն է, որ մեր որոշումների ու գործողությունների հիմքում բացառապես Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության շահն է: Այդ շահը սպասարկելու համար մենք ստանձնել ենք պատասխանատվություն և ունենք բավարար կամք:

ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ

2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին: Այդ է պատճառը, որ սեփական հողում սեփական ապագան կառուցելու անբեկանելի կամքով ապրող յուրաքանչյուր արցախցու մոտ հաճախ առաջանում են օբյեկտիվ մտահոգություններ, պետական մարմինների կողմից հանրության թիկունքում ազգային ու պետական շահին հակասող որոշումներ ընդունելու կասկածներ: Մտահոգություններն ու կասկածները առավել խորանում են հատկապես այն ժամանակ, երբ դրանց սկսում են գումարվել ներքին ու արտաքին ուժերի կողմից քաղաքական, անձնական և այլ շարժառիթներով զուգորդված տեղեկատվական կեղծ արշավներն ու հանրությանը մոլորեցնելու՝ հաճախ հաջողված փորձերը:
Պետական կառավարման համակարգը, իհարկե, պետք է պատրաստ լինի դիմակայելու նաև նման մարտահրավերները և իր արդյունավետությամբ ու վստահելիությամբ ծառայի որպես հանրային կյանքի անվտանգության ու հուսալիության առանցքային երաշխավոր: Բայց ցավոք պետք է ընդունենք, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաճախ արձանագրվում են նաև թերություններ և այս կամ այն գործառույթի թերակատարման դեպքեր: Այդուհանդերձ, բազմաթիվ սպասվող ու անկանխատեսելի իրադարձությունների, վերահաս վտանգների ու դրանց հրատապ չեզոքացում պահանջող քայլերի արագ ձեռնարկման անհրաժեշտության պայմաններում փորձում եմ նաև պարբերաբար այցելություններ կազմակերպել Արցախի Հանրապետության տարբեր շրջաններ և համայնքներ, անկեղծ երկխոսությամբ ներկայացնել մեր հայրենակիցներին մտահոգող հարցերի շուրջ մեր տեսակետները, հնարավոր զարգացումները, լսում առաջարկներն ու քաջալերող պնդումները: Բավարա՞ր է սա, իհարկե՝ ոչ: Բայց հանրային հետաքրքրությունը սահմաններ չունի և այն հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որոնց մասին բարձրաձայնելը կամ հրապարակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, վերջապես, ուղիղ հակադրվում է մեր ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին: Բայց այս առումով ևս փորձում ենք առավելագույն չափով համբերատար լինել՝ ըմբռնումով մոտենալով քննադատություններին:
Մեզ հաճախ քննադատում են, որ անվտանգային խնդիրների փոխարեն ավելի շատ զբաղված ենք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Հավաստիացնում եմ, որ բոլոր ծրագրերը իրականացվում են գիտակցության բարձր մակարդակով՝ բավարար ուշադրություն դարձնելով առաջին հերթին անվտանգային, այնուհետև՝ սոցիալ-տնտեսական հարցերին: Հարկ է գիտակցել, որ բնակարանային, ենթակառուցվածքային և այլ նմանատիպ սոցիալ-տնտեսական ծրագրերը կարևոր են ժողովրդի կենսագործունեության և կայուն ժողովրդագրական վիճակի համար բավարար պայմաններ ապահովելու տեսանկյունից, իսկ ժողովրդագրությունը Արցախը հայկական պահելու կարևորագույն ու երկարաժամկետ անվտանգային ուղղությունն է:
Այդ համատեքստում կարևոր է ընդգծել, որ հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը: Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց: Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում ենք շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից: Այս առումով հատկանշական է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ: Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով:
Սոցիալ-տնտեսական բնույթի աջակցության իրականացված և նախատեսվող ծրագրերը բազմաթիվ են, և դրանց գլխավոր նպատակը Արցախում կյանքի որոշակի կայուն ու բարենպաստ պայմաններ ապահովելն է: Չէ' որ առանց այդ պայմանների հնարավոր չէ պատկերացնել բավարար ժողովրդագրական վիճակ, իսկ առանց բավարար բնակչության հնարավոր չէ հասնել Արցախի նախընտրելի ապագային:
Հետպատերազմյան ժամանակահատվածում զգալի հաջողություններ ենք արձանագրել տնտեսության վերականգնման ուղղությամբ, մեկնարկել են որոշ խոշոր նախագծեր, մեծապես աճել են սեփական հարկային եկամուտները: Նշեմ, որ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առկա են զգալի խնդիրներ՝ առաջնահերթորեն ֆինանսական ռեսուրսի սղության տեսքով, որը պատերազմի ուղիղ հետևանքներից է: Այս առումով լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ բռնել զարգացման ուղին՝ խթանելով նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը:
Ինչ վերաբերում է հանրային միջոցների արդյունավետ ծախսմանը և կոռուպցիոն երևույթների կանխմանը, ապա թեև որոշակի առաջընթաց ունենք այդ դաշտում, սակայն տեղին եմ համարում նմանատիպ քննադատություններն ու դժգոհությունները: Իմ հանձնարարականի հիման վրա՝ Ազգային անվտանգության ծառայությունն ուժեղացրել է հակակոռուպցիոն ջանքերը և շուտով արդյունքները շատ ավելի տեսանելի կլինեն հանրության համար: Հնարավոր կոռուպցիոն երևույթների մասին տարբեր հրապարակային հաղորդումների ու մտահոգությունների վերաբերյալ իրավապահ մարմինները պարբերաբար իրականացնում և իրականացնելու են ստուգումներ և հանրությանը կներկայացնեն դրանց արդյունքները՝ հանցավոր երևույթների բացահայտման դեպքում ապահովելով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների պատշաճ կիրառումը:
Հետպատերազմյան իրողության մեջ գտնվող ցանկացած երկրում միշտ երկրորդ պլան են մղվում կամ տուժում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են իրավունքը, օրինականությունը, ժողովրդավարությունը, հասարակական անվտանգությունը։ Պատերազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո մենք կրկին լծվել ենք պետության սյուները ամրացնելու, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը վերականգնելու գործին: Ընդամենը մի քանի ամիս անց մենք կարողացանք որոշակի կայուն շրջան մտցնել հասարակական անվտանգային միջավայրը և հետզհետե այն ավելի բարելավել, բացարձակ հետքայլ չենք կատարել ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունքի իրացման գործում: Ավելին, ապահովել ենք հնարավոր բոլոր պայմանները՝ դրանց անխոչընդոտ իրացման համար, ընդհանրապես չենք շեղվել ժողովրդավարության ընտրված ուղուց՝ ընտրելով այն որակապես բարելավելու և մեր ներհասարակական կյանքը դրան համահունչ կառուցելու ճանապարհը: Թեև այդ ընթացքում մենք բազմաթիվ հարվածներ ենք ստացել, քննադատվել, արժանացել զրպարտանքի, բայց իրավացիորեն երբեք տուրք չենք տվել նման երևույթներին ու համառորեն ապացուցել ենք աշխարհին, որ Արցախում պետականությունը ամուր հիմքեր ունի, որն ունակ է դիմակայելու և ապրելու այնպիսի արհավիրքներից հետո, որը կփլուզեր ժամանակակից շատ երկրների։ Հավատացե՛ք, պատերազմից հետո աշխարհին հետաքրքրող և ուշադրություն գրավող առաջնային հարցերից մեկը եղել է Արցախի՝ որպես պետականության և պետական համակարգի հետագա գոյության, ոտքի վրա կանգնելու հնարավորությունը, որի շուրջ գոյություն ունեցող, այդ թվում՝ Ադրբեջանի ակտիվ քարոզչության արդյունքում ձևավորված կասկածները մենք համոզիչ կերպով փարատել ենք։
Գիտակցելով պետական կառավարման համակարգում կուտակված հիմնախնդիրների ազդեցությունը մեր երկարաժամկետ պայքարի վրա՝ հավաստիացնում եմ, որ շարունակաբար ջանքեր ենք գործադրում հաղթահարելու այդ հիմնախնդիրները: Այդ նպատակին է ուղղված սահմանադրական բարեփոխումների մեկնարկած գործընթացը, և, կարծում եմ, առաջիկա ամիսներին կկարողանանք կյանքի կոչել այն՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներն ու Արցախի ներքին և արտաքին առանձնահատկությունները: Կուզեի շեշտադրել նաև, որ նախատեսում եմ առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում:
Արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար: Այդ և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառենք նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:
Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրված, մեր հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված ու մեզ փոխանցված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ԱՀ Սահմանադրության պետականապահպան և մարտահրավերներին դիմագրավելու իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու քաղաքականությանը:
Այո՛, Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն, և ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը:

Հույս ու հավատ, կամք ու մղում, ջանք ու եռանդ բոլորիս՛՛:

  • Կիսվել: