չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար բացասական փոփոխության չի ենթարկվել. Արման Եղոյան

Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար բացասական փոփոխության չի ենթարկվել. Արման Եղոյան

Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
 
«Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։
 
Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ նոր առաջարկներով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։
 
Առաջարկությունների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ հիմնարար սկզբունքներին»։
 
Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»։
 
Հիշեցնեմ, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) Հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս:
 
Այսպիսով՝ Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»։

 

  • Կիսվել: