ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի գազատարի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը․ Միրզոյան

Արցախի գազատարի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը․ Միրզոյան

Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ ահա այս երկրորդ անգամ մենք անմիջապես գործի ենք դրել մեր բոլոր դիվանագիտական հնարավոր ջանքերը: Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նախ և առաջ մենք սերտ կապի մեջ ենք և պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև, գիտեք, որ վթարը կամ այս դեպքում արդեն պարզ չէ ինչպես դրան անվանել՝ վթար չէ ըստ երևույթին, ամեն դեպքում վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում և առաջնային մեր կապն, իհարկե, ռուսաստանյան գործընկերների հետ է, բայց նաև ողջ՝ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ»,- պարզաբանեց Միրզոյանը:

Միրզոյանը մեջբերեց, որ երեկ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և «բացի դրանից նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին՝ տեղի ունեցածի մասին և արձագանքներ արդեն ստացվում են»:

Միրզոյանի խոսքով նախորդ անգամ, երբ մի քանի օր տևեց, ըստ էության 8 օրից ավելի թույլ չէին տալիս, իսկ արդեն աշխատանքներն սկսելուց հետո 2-3 օր է այդպես ձգվեց, այդ ընթացքում նաև վարչապետն է խոսել և՛ ԱՄՆ պետքարտուղարի հետ, և՛ ՌԴ նախագահի հետ, և Ֆրանսիայի հանրապետության նախագահի հետ: Եվ նաև, ԱԳՆ-ն իր հերթին իրեն հասանելի օղակներով և խողովակներով: Նույնը և այս անգամ:

«Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ գազատար խողովակաշարի վնասման հետևանքով։ Ադրբեջանական կողմը  թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղաղապահներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Արցախի իշխանություններն այնուհետև հայտնեցին, որ մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը: Արցախից հայտարարել են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: