կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են. նախարար

Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են. նախարար

Այս պահի դրությամբ մոտ 400 վիրավոր զինծառայողի և քաղաքացիական անձանց փորձաքննությունն ավարտվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա հավելեց, որ գործընթացը պարզեցվում է, և, ըստ հաշմանդամության խմբի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստացողների թիվը կավելանա:

Խոսելով արցախահայերի աջակցության ծրագրերից՝ նախարարն ասաց, որ Կառավարության կողմից մշակված և իրականացվող ծրագրերը բավարար են լուծելու Արցախի քաղաքացիների բոլոր խնդիրները: «Արցախը վերադարձել է բնականոն կյանք: Արցախցիների ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են: Յուրաքանչյուր ընտանիք ամսական կունենա մոտ 320 հազար դրամի եկամուտ»,- նշեց Առաքելյանը: Նա հայտնեց, որ արդեն մոտ 100 հազար մարդ վերադարձել է Արցախ, 30 հազարից մի փոքր ավելին դեռ գտնվում է Հայաստանում: 

  • Կիսվել: