ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միրզոյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը

Միրզոյանը Մատվիենկոյի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարա Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
 
"Տիկին Մատվիենկոն կարեւորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Դաշնության խորհրդի խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ: Նա վստահություն հայտնեց, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
 
Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:
 
Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր գնահատեց կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
 
Ես նշեցի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Ներկայացրի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: Հավելեցի՝ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
 
Համաձայնություն ձեռք բերեցինք Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման շուրջ:
 
Վալենտինա Մատվիենկոյին շնորհեցի Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար",- գրել է Միրզոյանը:

  • Կիսվել: