հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վարդան Օսկանյանի հրապարակած հոդվածին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վարդան Օսկանյանի հրապարակած հոդվածին

Հոդվածի վերլուծության հիմքում դրված է որոշակի կանխավարկած և դրա հիման վրա կառուցված է վերլուծություն և արվում է պնդում: Ես տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա, որովհետև պնդումների, հետևությունների հիմքում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ: Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան: Ստացվում է, որ այդ ամբողջ վերլուծությունն անիմաստ, անտեղի բառերի միացություն է: Այս մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օրեր առաջ հրապարակած հոդվածի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:  

«Այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք. այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված, պայմանավորվածություններ չկան:  Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, հարցը երկրորդ շերտ էլ ունի․

«Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ զանազան հարցերի ներքաղաքական ասպեկտին: Այստեղ չեմ կարող չասել՝ սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է, որ Հայաստանն ինչ-որ բան է պարտավորվել՝ չի անում և դա լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Ես, գոնե, խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց, այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- շեշտեց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: