չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Առաջիկա ընտրությունները պատմական հնարավորություն են մեր երկրի համար, իմիջիայլոց նաև մեր տարածաշրջանի համար՝ թևակոխելու ամբողջովին այլ փուլ․ Փաշինյան

Առաջիկա ընտրությունները պատմական հնարավորություն են մեր երկրի համար, իմիջիայլոց նաև մեր տարածաշրջանի համար՝ թևակոխելու ամբողջովին այլ փուլ․ Փաշինյան

Առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, իմիջիայլոց նաև մեր տարածաշրջանի համար՝ թևակոխելու ամբողջովին այլ փուլ մեր պատմության մեջ։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության գործընթացը որքանո՞վ է կապված իր անձի հետ։

«Իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն հաստատելու տևական խաղաղություն։ Իմիջիայլոց, դա շատ կարևոր է պաշտպանելու և ամրապնդելու համար մեր տարածաշրջանի երկրների պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, քանի որ, երբ մարդիկ հարցնում են, թե ինչու է այս պայմանավորվածությունը հիմա հնարավոր դարձել և ոչ մի քանի տարի առաջ, ապա բազմաթիվ գործոններ կան, բայց ես կարծում եմ ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդել է այս պայմանավորվածության վրա, ընդհանուր շահերի երկուստեք ըմբռնումն է մեր տարածաշրջանի երկրների կողմից։

Ինչպես գիտեք, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը անկախ երկրներ են դարձել 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և դա ինչ-որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր, սակայն ոչ ամբողջովին նոր ընկալմամբ նրա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում։

Հիմա ես կարծում եմ ամենակարևոր գործոնն այս խաղաղության, պայմանավորվածության գործարքի վերաբերյալ, դա նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ, նոր ընկալումը, որն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում, և մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մեր երկրները դարձնենք ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ապահով։

Սակայն, ես կարծում եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի համար երկուստեք միասնական ձեռքբերում է, նաև մեր ներքին քաղաքականության տեսանկյունից դա շատ կարևոր ձեռքբերում է։ Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մեր քաղաքական թիմի համար ձեռքբերում է և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, այսպես ասենք, դժոխքի միջով անցանք և հասանք այս կետին»,– ընդգծել է Փաշինյանը։

  • Կիսվել: