հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր

Առաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օր

Քրեակատարողական օրենսդրության չափանիշները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և միջազգային մարմինների՝ ՀՀ-ին հասցեագրված հանձնարարականների կատարումն ապահովելու անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:

Առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան փոփոխությունների նախագիծը՝ նա  հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեն ՀՀ-ի ներկայացրած 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ պետությունը պետք է զերծ մնա որպես կարգապահական պատիժ ընտանիքի այցելությունների և նրանց հետ շփվելու մասով սահմանափակումներ կիրառելուց՝ համաձայն Նելսոն Մանդելայի կանոնների:

«Նույն օրենսգրքով նախատեսված է մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու տույժի տեսակը, իսկ կրկնակի տույժի առկայության պայմաններում դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել մինչև 20 օր ժամկետով, մինչդեռ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն, հաշվի առնելով մեկուսի բանտարկության վնասը կամ հետևանքները, 21-րդ ընդհանուր զեկույցում արձանագրել է, որ որոշակի խախտման համար անձին մեկուսի պահելու առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի 14 օրը, նախընտրելի է նաև ավելի քիչ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկում ենք  երկու փոփոխություն. օրենսդրական երաշխիքներ տույժի միջոցներ կիրառելիս դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը բացառելու համար, և երկրորդը՝ դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառման, այդ թվում՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: