երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առաջարկվում է 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

Առաջարկվում է 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների հիմնանորոգմանը

Առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 11.8 միլիարդ դրամ, որը կուղղվի՝ 2 միջպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 2.6 միլիարդ դրամի, 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 5.5 միլիարդ դրամի, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը՝ 3.7 միլիարդ դրամի շրջանակում:

«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են: Հիմա եթե Կառավարությունը նպատակահարմար համարի և դրական որոշում կայացնի այս գումարի հատկացման վերաբերյալ, մենք հնարավորություն կունենանք շատ արագ շինարարական աշխատանքները փաստացի սկսելու»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Վարչապետ Փաշինյանն էլ նախ շեշտեց, որ ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվում, միաժամանակ նշեց, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները լուծված չեն:

«Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Բացի այդ խնդրից՝ մենք ունենք նաև սահմանվածից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը՝ Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5 կմ հատված՝ Դիլաջանի ոլորաններ, հաջորդը Մ10 միջպետական նշանակության 8.3 կմ հատվածն է: Հանրապետական նշանակության ճանապարհներից են՝  Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածը, հաջորդը՝ Դաշտավան-Զորակ-Սայաթ Նովա բնակավայրերի ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Հ75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ-անոց հատված, հաջորդը՝ Երերուքի տաճար տանող  հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածը, Ստեփանավան համայնքում 8.6 կմ հատվածը, Տ9-19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհը, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածը, Սյունիքի մարզի Լծեն ավտոճանապարհը:   

  • Կիսվել: