երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համախմբվելն է. Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց «Ապագա Հայկականը» շարժման նպատակները

Առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համախմբվելն է. Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց «Ապագա Հայկականը» շարժման նպատակները

 «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնություն է, որի շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել և փոփոխություններ իրականացնել:

Վարդանյանը նման տեսակետ հայտնեց «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում:

Նա նշեց, որ  փորձում են «Ապագա Հայկականը» նախաձեռնությամբ ցույց տալ, որ հայ ազգը, որը ոչ միայն ապրում է Հայաստանում, այլ սփռված է  ամբողջ աշխարհով, իսկապես կարող է միավորվել և միասնական և արդյունավետ լուծումներ գտնել:

«Իսկապես կարևոր է, որ մենք կարողանանք օգտագործել մեր ամենաուժեղ կողմերը: Մենք ունենք Արցախում, Հայաստանում և սփյուռքում  ապրող փայլուն մարդիկ, ովքեր պետք է զգան, որ  միասին կարող ենք փոխել մեր ապագան: Այսօր ամբողջ աշխարհում հաջողության միակ ճանապարհը միասին աշխատելու, համագործակցելու մոդելն է, և մենք էլ պետք է գիտակցենք, որ առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համագործակցությունն է բոլոր օղակների հետ»,-ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝  հայ ժողովրդի մեծ մասը սովորություն ունի ապրել անցյալով, հիշել անցյալի տխուր կետերը: Վարդանյանի  խոսքով՝ բոլորը ապագայի հանդեպ պետք է միայն լավատես լինեն և հասկանան, որ այսօր միակ ճիշտ տարբերակն է ոչ թե հետ, այլ առաջ նայելը:

Անդրադառնալով հայ ժողովրդի պատմական պատասխանատվությանն ու  առկա մարտահրավերներին՝  Ռուբեն Վարդանյանն  առանձնացրեց երեք միտք.  «Տարիներ շարունակ հայ ազգի համար կրթությունը, գիտությունը  կարևոր տեղ են զբաղեցրել: Ինձ համար այսօր դա պահպանելը կարևորագույն հարցերից է: Մեր նպատակներից է, որ կրթված հայը նորից դառնա օրինակ և մոդել բոլորի համար: Երկրորդը՝ Արցախը, որը ինձ համար կարմիր գիծ է: Մենք պետք է դուրս գանք զոհի կարգավիճակից, մենք հաղթող ժողովուրդ ենք, դա մեր արյան, գեների մեջ պետք է մտնի, որ մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել: Երրորդ՝ պետք է հստակ գիտակցենք, որ  21-րդ դարը մեր դարն է, որի տված հնարավորությունները պետք է օգտագործենք Հայաստանի զարգացման և լավագույն ապագայի համար, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր զոհված տղաների, մեր երեխաների և մեր ապագա սերունդների առջև»,- ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: