շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առ այսօր հայ փախստականների մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից. Արցախի ՄԻՊ

Առ այսօր հայ փախստականների մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն  է տարածել Փախստականների միջազգային օրվա առթիվ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների, բռնաճնշումների, հայրենազրկման, սեփականազրկման ու այլ զրկանքների միայն էթնիկ պատկանելիության պատճառով:

Նրանց հիմնական մասը սկզբում հանգրվանել էր Արցախի և Հայաստանի Հանրապետություններում, սակայն պատերազմի ընթացքում մի մասը Ադրբեջանի կողմից ենթարկվեց կրկնակի թիրախավորման՝ կրելով լրացուցիչ զրկանքներ: Արդյունքում շատերը արտագաղթեցին այլ երկրներ, իսկ ովքեր մնացին Արցախի Հանրապետությունում, աստիճանաբար ինտեգրվեցին տեղի հասարակությանը՝ դառնալով ԱՀ լիիրավ քաղաքացիներ:

Ցավոք, ո՛չ էթնիկ զտման, ո՛չ էլ դրա հետևանքների վերացման ընթացքում հայ (հատկապես՝ արցախաբնակ) փախստականներն ու ներքին տեղահանվածները չեն ստացել միջազգային որևէ լուրջ մարդասիրական ու իրավաքաղաքական աջակցություն՝ ի տարբերություն ադրբեջանցի փախստականների: Ավելին, հաճախակի նկատելի են կողմնակալ միջազգային հայտարարություններ, որոնք հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական առավելություն են տալիս ադրբեջանցի փախստականներին՝ անտեսելով հայ փախստականների իրավունքներն ու կարիքները: Եվ դա այն պարագայում, որ առ այսօր նրանց մի շարք իրավունքներ շարունակաբար մնում են խախտված Ադրբեջանի կողմից, իսկ իրենց բնակության վայրերում շատերը դեռևս ունեն սուր արտահայտված սոցիալական կարիքներ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտադրում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և ցանկացած խտրականություն, ներառյալ՝ տարածքի իրավական, քաղաքական ու միջազգային կարգավիճակի հիմքով, խիստ դատապարտելի է: Հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր կողմերի իրավունքները, կարիքներն ու շահերը պետք է հաշվի առնվեն առանց կողմնակալության, իսկ մարդկության դեմ հանցագործությունների կատարողները պետք է ենթարկվեն պատշաճ պատասխանատվության:

Պաշտպանը նաև ընդգծում է, որ չնայած միջազգային մեկուսացման ու անտեսման, Արցախի Հանրապետությունը սեփական ջանքերով ու միջոցներով նշանակալի աշխատանք է կատարել փախստական ու ներքին տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, առ այսօր որոշ ընտանիքների համար դեռևս օրախնդիր է հատկապես բնակարանային պայմանների բարելավումը, և պետությունը պետք է շարունակի ջանքերն իր ստանձնած պարտավորությունների լրիվ ու պատշաճ կատարման ուղղությամբ:

ԱՀ-ում բնակվող փախստական ու ներքին տեղահանված անձանց իրավունքներն ու կարիքները եղել և լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով»:

  • Կիսվել: