ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աննա Նաղդալյանի պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը և այն ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջին հայտնվելու վերաբերյալ

Աննա Նաղդալյանի պատասխանը Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը և այն ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջին հայտնվելու վերաբերյալ

Հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն։ Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով  Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։

«Այն հարցերը որոնք արծարծված էին RT մեդիահոլդինգի գլխավոր Խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սոցիալական ցանցերում գրառման մեջ, հստակորեն երբևէ որևէ մակարդակում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում չեն բարձրացվել և չեն կարող բարձրացվել, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը ունեն գործընկերային հարաբերություններ և այդ հարաբերությունները հիմնված են նաև ինքնիշխանության, իրավահավասարության, դարավոր բարեկամության սկզբունքների վրա»,- ասաց նա։ 

Աննա Նաղդալյանը նաև հավելեց.

«Ինչ վերաբերում է գրառման բովանդակությանը, պետք է նշեմ, որ իմ պարտականություններից ելնելով՝ ես լիազորված եմ պատասխանելու լրագրողների, փորձագետների հարցերին և հանդես գալու Հայաստանի արտաքին քաղաքականության կամ միջազգային արտաքին քաղաքականության տարբեր հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով, սակայն ես լիազորված չեմ մեկնաբանելու որևէ լրագրողի անձնական կարծիքը, որևէ հարցի վերաբերյալ»։

Անդրադառնալով այն փաստին, որ այդ գրառումը հայտնվեց ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջին` Նաղդալյանը նշեց. «Գրառումն այդ հարթակում հայտնվելուց հետո ՀԱՊԿ-ում մեր մշտական ներկայացուցչության միջոցով մենք անմիջապես կապ ենք հաստատել ՀԱՊԿ-ի համապատասխան վարչության հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել և անմիջապես խնդիրն, առաջինը, լուծվել է և երկրորդը, տրվել է բացատրություն, որ սա եղել է տեխնիկական վրիպակ: Մենք ելնում ենք ՀԱՊԿ-ի այդ բացատրությունից: Հետամուտ ենք լինելու, որ հետագայում նման վրիպակներ չլինեն»:

Նշենք, որ «անդրադառնալով» հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի լարվածությանը` Սիմոնյանը, շեղվելով բուն թեմայից, կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի քաղաքականության ռուսական վեկտորը, ինչը լայն բացասական արձագանք էր ստացել հայ հանրության շրջանում:

Հետագայում Սիմոնյանի գրառումը հայտնվել էր ՀԱՊԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ապա անմիջապես հեռացվել, որից հետո ՀԱՊԿ-ը դա բացատրել էր տեխնիկական վրիպակ լինելով և հավաստել, որ գրառման բովանդակությունը խիստ հակասում է արծարծված խնդիրների շուրջ կազմակերպության պաշտոնական տեսակետին, որը ներկայացված է եղել ՀԱՊԿ հայտարարության մեջ հուլիսի 14-ին: Հայտարարության մեջ ՀԱՊԿ-ը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, կոչ էր արել կողմերին դադարեցնել կրակը և պահպանել հրադադարի ռեժիմը:

  • Կիսվել: