շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աննա Հակոբյանը Դսեղում, Դեբետում և Հաղպատում ծանոթացել է համայնքի ծրագրերին

Աննա Հակոբյանը Դսեղում, Դեբետում և Հաղպատում ծանոթացել է համայնքի ծրագրերին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարզային այցի 2-րդ օրը սկսել է Դսեղ համայնքում։ Նա ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի տիկինը ծանոթացել է գյուղում գործող Բնության այցելուների կենտրոնի աշխատանքին։ Կենտրոնի նպատակն է Դսեղում խթանել զբոսաշրջությունը, դարձնել համայնքի բնությունն առավել ճանաչելի։ Կենտրոնի հիմնական նպատակներից է նաև ներգրավել տեղի բնակչությանը՝ զբոսաշրջության զարգացման գործընթացում։

Դսեղի միջնակարգ դպրոցում Աննա Հակոբյանին ներկայացրել են հատապտուղների ինտենսիվ այգին, գորգագործության ու կավագործության խմբերի պարապմունքները:

Դսեղից հետո հաջորդ կանգառը Դեբետ գյուղն էր, որի համայնքապետարանի շենքը նորոգվել է  COAF-ի միջոցներով։ Աննա Հակոբյանին ներկայացրել են նաև գյուղի զարգացման ծրագրերն ու զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու հնարավորությունները։ Դեբետում խելացի կանգառ կա, կառուցվում է նոր դպրոց ու մանկապարտեզ։ Մինչև դպրոցի շինարարության ավարտը համայնքի երեխաների դասերը կազմակերպվում են COAF սմարթ կենտրոնում։

COAF-ի տեսլականն է զարգացնել գյուղական համայնքները նորարարության միջոցով և արագացնել գյուղերի տրանսֆորմացիան՝ դառնալով ներգաղթի վայրեր։ Այս գյուղերը կառաջարկեն կյանքի բարձր որակ՝ անընդհատ արդարացնելով և գերակատարելով բնակիչների բոլոր սպասելիքները, ովքեր էլ իրենց հերթին նպաստում են համայնքի զարգացմանը։ COAF-ը նպատակ ունի կառուցելու գյուղի սմարթ մոդել, որը կընդլայնի և կտարածվի։ Աննա Հակոբյանն այցելել է նաև COAF-ի սմարթ կենտրոն, որտեղ շրջայցի ժամանակ ներկայացրել են կենտրոնի գործող և ապագա ծրագրերը։

  • Կիսվել: