ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկարան հստակ շարունակում է աջակցել Բաքվին. կոչ եմ անում միջազգային հետաքննություն սկսել. Եվրախորհրդարանի պատգամավոր

Անկարան հստակ շարունակում է աջակցել Բաքվին. կոչ եմ անում միջազգային հետաքննություն սկսել. Եվրախորհրդարանի պատգամավոր

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևի հետ:

 

-Պարո՛ն Կովաչեւ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր ինտենսիվությամբ գործողություններ մշտապես եղել են, հատկապես վերջին տարիներին: Սակայն այս անգամ ինչ տեսնում ենք շփման գծում, ականատես չէինք եղել վերջին տասնամյակում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այս անգամ պատերազմն այսպիսի լայնամասշտաբ բնույթ կրում:

-Վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի շուրջ նկատվում է պրովոկացիաների պարբերաբար աճ: Մենք նաեւ տեսնում ենք Բաքվի կողմից բացասական եւ ոչ միանշանակ հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Միմյանց հասցեին կոշտ դիտողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում էին նաեւ սոցիալական ցանցերում կամ էլ աշխարհի տարբեր քաղաքներում խաղաղ ցույցերի ժամանակ: Այնուհետև տեղի ունեցան 2020 թվականի հուլիսի դաժան սադրանքները: Կարծես թե որոշ մարդիկ մտածում էին, որ Կովիդ-19-ով պայմանավորված, որը դեռ անհանգստացնում է շատ մարդկանց ամբողջ աշխարհում, միջազգային հանրությունը կփակի իր աչքերը այն ագրեսիայի եւ բռնության վրա, որին այժմ ականատես ենք լինում Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում:

-Դուք խոսեցիք միջազգային հանրության մասին, սակայն ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Մինսկի խմբի՝ կրակի անհապաղ դադարեցման մասին հայտարարություններից հետո էլ ոչինչ չի փոխվում:

-Ցանկացած բռնություն եւ ոչ ցանկալի տանջանքները պետք է անհապաղ դադարեցվեն: Բռնությունը կործանարար ուժ է, որը բոլորիս միայն ցավ ու վիշտ է պատճառում: Ես ողջունել եմ հրադադարի մասին հայտարարությունը, որը հանգստյան օրերին եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարների միջեւ, սակայն խորը հիասթափվեցի, որ այն այդքան կարճ տեւեց: Ես չեմ կարող խոսել հակամարտության կողմ հանդիսացող երկրների անունից, սակայն կարծում եմ, որ դեռ ժամանակը չի եկել, որ նրանք պայմանավորվեն կրակի դադարեցման մասին եւ հավատարիմ մնան դայդ պայմանավորվածությանը: Չնայած ՌԴ նախագահի անմիջական մասնակցությանը, ինձ համար զարմանալի է էր, որ հրադադարի մասին համաձայնագիրն այդպիսի ճակատագիր ունեցավ: Այն շատ հարցեր է առաջացնում:

 

-Բայց հետագայում ի՞նչ կարող ենք սպասել եւ ակնկալլե միջազգային հանրությունից:

-Միջազգային հանրությունը ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների դեմքով շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը եւ ասել, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկու կողմերն էլ պետք է վերադառնան բանակցությունների սեղանին: Մինսկի խումբը եւ իր համանախագահները հանդիսանում են միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդները, որոնց հովանու ներքո էլ պետք է իրականացվեն այդ բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի հասնել հարցի կարգավորման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա:

-Ի՞նչ կարող եք ասել Անկարայի մասնակցության եւ սիրիացի ահաբեկիչների մասնակցության մասին, որն արդեն ապացուցվել է բազմաթիվ երկրների կողմից:

 

-Այո, լրջագույն մեղադրանքներ են եղել Թուրքիայի հասցեին եւ պաշտոնական Անկարան հստակ շարունակում է աջակցել Բաքվին դիվանագիտական ոլորտում, սակայն հերքում է նույն սիրիացի ահաբեկիչների կամ F-16-եր ուղարկելու մասին առկա հայտարարությունները: Ես, Եվրախորհրդարանի իմ գործըներների հետ միասին, կոչ եմ արել անհապաղ դադարեցնել որեւէ երրորդ երկրի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում: Իսկ սիրիացի ահաբեկիչների մասին մեղադրանքները շատ անհանգստացնող ու լուրջ են: Չնայած արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հրապարակավ արտահայտվել սիրիացի ահաբեկիչների մասնակցության դեմ, սակայն Թուրքիան մշտապես հերքել է այն: Ես կոչ եմ անում միջազգային հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզվի, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը:

-Այս ընթացքում Հայաստանից եւ Արցախից բարձր մակարդակով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու կոչեր են հնչում եւ չնայած այն արդեն 30 տարի է՝ ինչ անկախ է, սակայն ճանաչված չէ: Ըստ Ձեզ ինչո՞ւ եւ այս փուլում ճանաչումը որքանով եք իրատեսական համարում:

-Հստակ է, որ միակողմանի գործողությունները չեն կարող ընդունվել, եթե դրանք ընդունելի չեն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համար: Իսկ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար երկու կողմերը պետք է որոշակի զիջումների գնան: Դա ես չեմ ասում, թե ով ինչ զիջման պետք է գնա, այդ հարցը պետք է քննարկել բանակցությունների ընթացքում: Այս կոնֆլիկտը շարունակվում է արդեն 30 տարի: Հենց հիմա երկու կողմերն էլ կարծում են, որ նրանք ճիշտ են, սակայն որքան շատ նրանք շարունակեն մատնացույց անել միմյանց, այնքան դժվար կլինի հասնել ընդհանուր լուծման: Այս դժվար իրավիճակը պետք է հաղթահարել, որպեսզի հնարավոր լինի փրկել մարդկանց կյանքը:

  • Կիսվել: