երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Անհրաժեշտ է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Փաշինյան

Անհրաժեշտ է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Այս մասին այսօր Փարիզում, մինչ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, մամուլի համար արված հայտարարության մեջ ասել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները՛՛,-հավելել է նա:

Սա, ըստ ՀՀ վարչապետի, նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել:

Նրա խոսքով՝ Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: ՛՛Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա՛՛,-ասել է Փաշինյանը:

Նա համոզմունք է հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում: Վարչապետը նշել է, որ այս հարցով ակնկալում է նախագահող երկրի աջակցությունը:

՛՛Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են՛՛,-նշել է Փաշինյանը:

 

  • Կիսվել: