հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Օնիկ Գասպարյանի հետ խոսել են նաև բանակում 5-րդ շարասյան մասին

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Օնիկ Գասպարյանի հետ խոսել են նաև բանակում 5-րդ շարասյան մասին

Մենք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ բանակում 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել, բայց այսօր ես այդ մասով ձեզ ոչինչ չունեմ ասելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ընդհանրապես, 5-րդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Իսկ կարո՞ղ է լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: Վերջին հաշվով ամբողջությամբ պատերազմի օրերին սենսացիաներ փնտրելով՝ հակառակորդի համար տեղեկատվության լավ աղբյուր էինք հանդիսանում՝ զորքերը ո՛նց գնացին, ո՛ր ճանապարհով գնացին...՛՛:

Քոչարյանն ընդգծեց, որ Օնիկ Գասպարյանը չի խուսափել գալ հանձնաժողովի նիստին: ՛՛Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ-շատերը կհասկանան, որ հանձնաժողովից ճպետք է փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք ամպագորգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ո՞վ են, որ մենք գանք: Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել՛՛,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ Օնիկ Գասպարյանը վերադառնա զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. ՛՛Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ: Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր՝ իր անցած ճանապարհով, կարող է նաեւ կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը: Մեր հանձնաժողովի ցանկացած անդամի հետ եթե խոսեք, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը, չլինելով զինվորական, կերտել է ինքն իրեն՛՛:

  • Կիսվել: