Անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ. Պապիկյանը չի մասնակցել
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրությունից:
Նշվում է, որ նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։
Պապիկյանի անունը ներառված չէ մասնակիցների ցանկում։
Հաղորդվում է նաև, որ նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ։
Պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է, որ ռազմական համագործակցությունը շարունակելու է ուղղված լինել Համագործակցության պետությունների զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացմանը, ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։



