շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն. Ալեն Սիմոնյան

Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ չկան տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշեց, որ այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում։ ՛՛Նման բան գոյություն չունի՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ դա նշված էր նաև Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Սիմոնյանը խորհուրդ տվեց հանձնել բառը հանել բառապաշարից, և ասաց, որ որևիցե մեկը որևէ բան հանձնելու հետ կապված քննարկման ներկա չի եղել, իսկ մամուլի տեղեկությունները չհաստատեց։

՛՛Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք որ համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր։ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որ ճանապարհը երկարել է, կա ճանապարհ՝ ոչ բարվոք վիճակում է, և դա էլ տարվա վերջ կշտկվի՛՛,–նշեց նա։

Լրագրողների հարցին, թե առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ ինչպես է Ադրբջանը եկել և ասում, որ իրենն է այդ տարածքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ մենք 2010 թվականի վարչական օրենք ունենք, որով այդ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև կան այն բոլոր քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանից գոյություն ունեն, որով ՀՀ-ն անկախություն է հռչակել։

՛՛Մենք պետք է հասկանանք՝ հայրենիքը վիրտուալ ինչ-որ բա՞ն է, որ սկսում է ամբողջ լեռնաշխարհով, թե՞ կոնկրետ սահմաններ ունեցող բան է՛՛,-ասաց Սիմոնյանը և հավելեց, որ եթե դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան, միանշանակ հետ կգնան։

ԱԺ նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արդբեջանի ծավալած գործողությունները չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից և այս հարցը ՌԴ գործընկերների հետ քննարկելու են։

Նրա խոսքով՝ առաջ եկած զորախումբը բանակցությունների միջոցով հետ է քաշվել: ՛՛Չորս հենակետերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, այսինքն ադրբջանական զորախմբեր ևս չկան այնտեղ։ Ակնհայտ է, որ մեզ համար դա հայկական տարածք է, և դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում դա կապացուցենք և քայլեր կանենք։ Ես վստահ եմ, որ հետ է գնալու, հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ։ Այո վստահ եմ, որ հետ կգնան՛՛.-ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: