հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։

Տարածած հաղորդագրության մեջ Համագումարը նշում է, որ խոսնակի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժն այս շաբաթ հարձակվեց Հայաստանի վրա՝ հրետակոծելով Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակավայրեր՝ բացահայտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները:

«Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ազդանշան է հղում ողջ տարածաշրջանին ամերիկյան արժեքների իրական նշանակության մասին»,– ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ - Խոսնակ Փելոսիի ներկայությունը Հայաստանում՝ ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի, ով այցելել է Հայաստան անկախությունից ի վեր, խորհրդանշական ուժ և ժողովրդավարության պահպանման ծայրահեղ կարևոր նշանակություն է հաղորդում»:

«Խոսնակ Փելոսիին ուղեկցում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):

Խոսնակ Փելոսին հայտարարեց. «Մեր Կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշ է Միացյալ Նահանգների հաստատուն հանձնառության՝ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի և կայուն ու ապահով կովկասյան տարածաշրջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության անդամների և անվտանգության կառույցների անդամների հետ աշխատանքային հանդիպումներում մենք կհաղորդենք Միացյալ Նահանգների ամուր և շարունակական աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկիր և Հայաստանի երկարամյա բարեկամ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար»։

Համագումարը գնահատում է խոսնակ Փելոսիի ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության անկախությանը հաջորդող տասնամյակներում։ Խոսնակ Փելոսին հայ ժողովրդին աջակցելու հարուստ պատմություն ունի: Մարդու իրավունքների ջատագով խոսնակ Փելոսին վճռականորեն աջակցեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատմանը և ելույթ ունեցավ Ներկայացուցիչների պալատի դահլիճում՝ ի աջակցություն H.Res. 296 Բանաձևի, որը ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Ներկայացուցիչների պալատում 2019թ.-ին և հաստատեց Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի անցած ուղին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության այցի մասին հաղորդող հայտարարության մեջ խոսնակը նշել է. «Մենք հպարտ ենք, որ մեկնում ենք Երևան՝ 2019թ.-ին Ներկայացուցիչների պալատի H.Res. 296 Բանաձևի ընդունումից հետո, որը ներկայացվեց նախագահ Ադամ Շիֆի կողմից, և որով Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչվում է որպես ցեղասպանություն, և այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը դարձավ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բոլորի բարոյական պարտքն է երբեք չմոռանալ. պարտավորություն, որն առավել հրատապ է դարձել, մինչ վայրագություններ են իրականացվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»:

  • Կիսվել: