շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների:

Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու համար իր ինքնիշխանությունն ու անկախությունը: «Կառավարության  եւ նախագահ Մակրոնի զգոնությունը, ինչպես նաեւ ընդհանրապես մեր երկրի զգոնությունը ամբողջական են: Այն պահին, երբ միջազգային իրավունքի սկզբունքներն են ոտնահարվում Ուկրաինայում, որտեղ Եվրոպայի ժողովրդավարական արժեքները վտանգված են, մենք վերահաստատում ենք, որ  այդ արժեքները պետք է մեր կողմնացույցը լինեն, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:

Մենք շատ անհանգիտ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետեւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարեւոր է, որ վերականգնվի ճանապարհը, վերականգնվի ազատ երթեւեկությունը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, նաեւ էլեկտրական ու ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նա նաեւ իր մտահոգությունն արտահայտեց պատմական եւ մշակութային ժառանգության վերաբերյալ, որը վտանգված է. «Այսօր կարող է ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը, որ հաստետնք կայուն ու խաղաղ լուծման»,-ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը ողջունեց նաև միջխորհրդարանական այն համաձայնությունը, որը ստորագրել են ԱԺ նախագահի հետ, այն պետք է թույլ տա էլ ավելի ամրապնդել բարեկամական կապերը, խորհրդարանների միջև գոյություն ունեցող խորը հարաբերությունները:

 

 

 

  • Կիսվել: