ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում և երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարևորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային և դրա հետևանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է եղել նաև 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:

  • Կիսվել: