ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը խնդիր չունի, հերքում եմ. Վահագն Ալեքսանյան

Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը խնդիր չունի, հերքում եմ. Վահագն Ալեքսանյան

ՀՀ-ում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալվող իրադարձություններին և դրա շրջանակում ձերբակալություններին։

«Չեմ կարող մեկնաբանել դատարանների որոշումները, թե ինչու մեկին՝ կալանք, մյուսին՝ ոչ»,-ասաց Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, կալանավորել, իսկ էկոնոմիկայի փոխնախարարին՝ ոչ։

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, և հնարավո՞ր է՝ նա ընդհանրապես հեռացվի թիմից և ԱԺ նախագահի պաշտոնից՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց.

«Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, չի համապատասխանում իրականությանը»։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ իշխանությունն ըստ էության, չի խնայել Ալեն Սիմոնյանին, որով մեսիջ են ուղարկում իշխող ուժի մնացած անդամներին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն խնայել Ալեն Սիմոնյանին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դատարանի որոշումները: Եթե իրավապահների գործում անօրինական ինչ-որ բան կա, դա միանշանակ ինչ-որ կերպ կբացահայտվի»:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

  • Կիսվել: