կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին. Միրզոյան

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին. Միրզոյան

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններում առկա իրավիճակին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ առաջ շարժվելու այս ուղղությամբ։

Միրզոյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք քննարկել ենք բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը տարածաշրջանում խաղաղ և անվտանգ միջավայր ձևավորելուն ուղղված իր ջանքերում։ Վերահաստատեցի Հայաստանի հավատարմությունը Պրահայում 2022թ․ հոկտեմբերին կայացած քառակողմ հայտարարության արդյունքում ընդունված հայտարարությունում ամրագրված պայմանավորվածություններին, ինչպես նաև համաձայնություններին, որոնց մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և ԱԴրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումների արդյունքներով։ Համոզված ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և որ խորհրդային իրավասու մարմինների կողմից հաստատված վերջին քարտեզները պետք է դառնան երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հիմքը։ Սա նշանակում է, որ սահմազատման գործընթացում ոչ թե նոր սահմաններ պետք է ստեղծվեն, այլ Ալմաթիի հռչակագրով ամրագրված և հետագայում կողմերի վերահաստատած սահմանները պետք է արտացոլվեն գետնի վրա՛՛։

ԱԳ նախարարը խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարների մասին՝ հիշեցնելով կողմերի համաձայնեցրած այն սկզբունքը, ըստ որի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա։

՛՛Մենք մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության ներկայացրած ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛ նախագծի և դրա իրագործման շուրջ՝ որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս և տարածաշրջանում փոխկապվածությունը մեծացնելու իրական հնարավորություն։ Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կառուցողականորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հավատարիմ կմնա նշված պայմանավորվածություններին։ Հայաստանն ունի նման քաղաքական կամք։ Մենք նաև քննարկել ենք Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի իրավունքների և կարիքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Մենք ողջունում ենք Եվրամիության ներգրավվածությունն ու աջակցությունն այս հարցում։ Հումանիտար խնդիրները՝ այդ թվում ձերբակալված հայերի ազատ արձակման և հայրենադարձման, անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը մեր օրակարգում են՛՛,-նշել է նա։

Միրզոյանը հայտնել է, որ հումանիտար նկատառումներից ելնելով՝ Հայաստանը, որպես վստահության ամրապնդմաննն ուղղված քայլ, վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների շրջանում իրականացված հարցումների հիման վրա պատրաստել և ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։

՛՛Ես դիմել եմ Եվրամիությանը՝ դիտարկելու այդ քարտեզների իսկությունը ստուգելու գործընթացում ներգրավվելու հնարավորությունը՛՛»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: