ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը որոշակի դրական տեղեկատվություն գեներացրել է, ինչը փորձելու է մատուցել Եվրոպական դատարանին. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը որոշակի դրական տեղեկատվություն գեներացրել է, ինչը փորձելու է մատուցել Եվրոպական դատարանին. Սիրանուշ Սահակյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) Ադրբեջանը որպես կանոն պատասխանում է սահմանված ժամկետի լրանալու վերջին վայրկյանին, առանձին դեպքերում անգամ ժամկետի խախտմամբ՝ մի քանի օր անց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հաշվի առնելով հարցի հնչեղությունը, Սիրանուշ Սահակյանի կարծիքով, ադրբեջանական կողմը փորձելու է մինչեւ վերջին պահը ժամանակ շահել. կամ վերջին վայրկյանին է ներկայացնելու տեղեկատվությունը, կամ անգամ ուշացումով.

«Պրակտիկան խոսում է նաեւ այն մասին, որ արհեստական քայլեր են իրականացվում, որոնցում կարող են ներառված լինել նաեւ դրական գործողություններ, որի նպատակը ոչ թե հարցի իրական կարգավորումն է, այլ ժամանակավորապես միջազգային հանրությանը ցուցադրել, թե իբրեւ խնդիրները լուծում ստանում են, եւ որպես կանոն ավելի արդյունավետ քաղաքական ճանապարհով, քան՝ դատական։ Ըստ իրենց՝ ուստի այս դրական զարգացումների ֆոնին դատական մարմինները պետք է հեռու մնան գործընթացներին միջամտելուց, քանի որ դրանք իրենց լուծումը ստանում են արտադատական մեխանիզմներով։ Կարծում եմ՝ որոշակի դրական տեղեկատվություն գեներացվել է, ինչը փորձելու են մատուցել դատարանին, օրինակ՝ գազամատակարարման վերականգնումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հրատապ բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստան»։

Սահակյանը չի բացառում, որ մինչեւ ՄԻԵԴ-ի որոշման կայացման պահը գուցե ապաշրջափակվի ճանապարհը. «Իհարկե որեւէ երաշխիք չկա, որ այն չի կրկնվելու կամ չի ունենալու ավելի երկար տեւողականություն։ Բոլոր դեպքերում փորձը ցույց է տալիս, որ նրանք որոշակի դրական տեղեկատվություն տրամադրելով դատարանում մեծացնում են քաղաքական գործընթացների կարեւորությունը եւ խրախուսում են դատական միջոցների չձեռնարկումը՝ էսկալացիաներից խուսափելու նպատակով»։

Իրավապաշտպանը նշեց, որ չկա հստակ կանոնակարգում՝ տեղեկատվության ստանալուց հետո դատարանը քանի օրվա ընթացքում որոշում կկայացնի. «Որպես կանոն՝ մինչեւ մեկ շաբաթում դատարանը որոշումներ տրամադրում է։ Չի բացառվում, որ Ադրբեջանը հավելյալ ժամանակ խնդրի պատասխան տրամադրելու համար, ինչը դատարանը կարող է թույլատրել»։

Նշենք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ է տրամադրել մինչեւ դեկտեմբերի 19-ը՝ ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» եւ որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր եւ մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

  • Կիսվել: