երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը հիասթափվում է Թուրքիայից. Քաղաքագետ

Ադրբեջանը հիասթափվում է Թուրքիայից. Քաղաքագետ

Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների խանդավառությունը, որ վարակել էր Ադրբեջանի հանրային տրամադրությունները, թե «ահա կգա թուրքական բանակը, եւ Ղարաբաղը կվերադարձնի»՝ սկսել է տեղը զիջել իրավիճակի համեմատաբար սթափ վերլուծությանը, գրում է քաղքաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Բանակցությունների խզման եւ պատերազմի վերսկսկման քարոզչությունը եւս չի աշխատում: Հայկական կողմն արձագանքում է հստակ եւ սառնասրտորեն: Այդ իսկ պատճառով վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլում ավելի շատ քննարկվում է եղածը պաշտպանելու հնարավորությունը: Սա Ադրբեջանի պարագայում տեղեկատվական աննախադեպ քաղաքականություն է, երբ հանրային դիսկուրս է ծավալվում հայկական զինված ուժերի կողմից նոր տարածքների ազատագրման թեման:
Իհարկե, ձեւակերպումները դարձյալ հիստերիկ են, բայց կարեւորն այն է, որ գերազանցապես իշխանության վերահսկողությանը ենթակա լրատվամիջոցները չեն թաքցնում անհանգստությունը՝ նոր պատերազմը կարող է բերել նոր եւ շատ ցավոտ կորուստների:

Ուրվագծվում է Թուրքիայից հիասթափություն: Ըստ երեւույթին, Բաքվի ռազմա-քաղաքական վերնախավում տպավորություն էր, թե բավական է Թուրքիան տարածաշրջանում ռազմական ներկայություն ցուցադրի, որպեսզի հայերը ծնկաչոք խաղաղություն խնդրեն,, Ադրբեջանին բավարարող պայմաններով:
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն, ամենայն հավանականությամբ, կանխածրագրված էին այնպես, որ այդ «ծանր տպավորությամբ» Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին, ՀԱՊԿ-ին, ռազմավարական դաշնակից Ռուսաստանին եւ կխնդրի Թուրքիային զսպող քայլեր ձեռնարկել: Այդ դեպքում Անկարայի համար դուռ կբացվեր ուժային կենտրոնների հետ բանակցությունների համար ԼՂ կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցության նպատակով:


Հայաստանը սառնասրտորեն դիմագրավեց այդ մարտահրավերը եւ Թուրքիային զրկեց ԼՂ հարցով իր տարածաշրջանային շահերն սպասարկելու հնարավորությունից: Իսկ եթե դա տեղի չի ունեցել, ապա ի՞նչ է մնում Թուրքիային, եթե ոչ՝ շարունակել ավանդական հայտարարություններով սատարել Ադրբեջանին: Անշուշտ, բացառված չէ, որ Անկարան դիվանագիտական փակ խողովակներով զգուշացվել է, որ Հարավային Կովկասում արկածախնդրությունը չի հանդուրժվի: Եւ՝ որ ԼՂ կարգավորման գործընթացի միջնորդական ձեւաչափը չի փոխվի:


Ինչ-որ «փլուզում» թուրքական քաղաքականության մեջ ամեն դեպքում տեղի է ունեցել: «Անկարա-Մոսկվա» վերլուծական կենտրոնի թուրք փորձագետ Էնգին Օզերը, համենայն դեպս, ԼՂ կարգավորման Թուրքիայի պատկերացումը ներկայացնում է այսպես. «Ինձ թվում է, Թուրքիան Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը դիտարկում է երկու փուլով: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական յոթ շրջանների ազատագրումն է, որը պետք է դիտարկել բուն Լեռնային Ղարաբաղի խնդրից առանձին: Երկրորդ՝ հարկ կլինի միացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական ուժերը եւ փորձել պահպանել կայունությունը՝ որքան կկարողանանք, մեկ-երկու տարի: Կարծում եմ, այդ ընթացքում ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի շրջանակներում կգտնի լուծում: Գտնում եմ, որ դա հնարավոր է, որովհետեւ Հայաստանում ուժեղ են հակառուսական տրամադրությունները»:
Ինչպես պարզ հասկացվում է, Թուրքիան Ադրբեջանի հետ ռազմական եւ քաղաքական ինտեգրացիան դիտարկում է որպես հարավ-կովկասյան տարածաշրջանում ազդեցության հարցով Ռուսաստանի հետ սեպարատ բանակցությունների ուժային խթան:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին հայտարարությունները սոսկ տուրք են պատշաճությանը: Անկարան փորձում է իրավիճակից շահ քաղել՝ առանց Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալու: Եւ այդ մասին հայտարարում է հեղինակավոր փորձագետի միջոցով: Ընդ որում, ալիեւյան քարոզչության համար, կարծես, այս ոճը պահանջված է: Հանրային էյֆորիան կառավարելու անհրաժեշտություն կա: Հակառակ դեպքում համաթուրքականության ալիքը կվերածվի քաղաքական համախմբման, որ կսրբի, կտանի քառորդդարյա իշխող համակարգը»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: