կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում են ունեցել, և արդեն իսկ հայտնի են առաջին մանրամասները նրանց զրույցից:

Մասնավորապես, ինչպես հայտնել են Ելիսեյան պալատից, Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է. ՛՛Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ խիստ կրիտիկական։ Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, և այդ երկխոսությունը պետք է վերսկսվի առանց հապաղելու՛՛։

Մակրոնն ընդգծել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքը, քաղաքացիական ենթակառուցվածքները. ՛՛Ռազմական բախումների ժամանակ թիրախավորվել է Հայաստանի տարածքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները։ ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը՛՛:

Մակրոնը նաև նշել է, որ Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը։

Նա ասել է. ՛՛Հենց նախագահ Ալիևին եմ ասել, որ սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել մի երկրի առաջխաղացումը մեկ այլ երկրի տարածք։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Չլուծված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո։ Պետք է դրանք վերսկել։ Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ սկսվեց մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար՛՛։

Բացի այդ՝ Ելիսեյան պալատից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահը ծրագրում է առաջիկա ժամերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

  • Կիսվել: