Ադրբեջանում Անվտանգության ֆորումի ավարտին ընդունվել է հռչակագիր. ՀՀ ԱԱԾ տնօրենը մասնակցել է միջոցառմանը
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կազմակերպչական աջակցությամբ անցկացվել է Բաքվի III անվտանգության ֆորումը՝ «Անվտանգության մարմինների համատեղ գործունեությունը հումանիտար ճգնաժամերի և գլոբալ տեխնածին աղետների կանխարգելման գործում ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ» թեմայով, որին մասնակցել են շուրջ 90 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ միջոցառման բացումից հետո ֆորումի մասնակիցներին ներկայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, որին հաջորդել է համաժողովի թեմայով տեսանյութի ցուցադրում։
Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն իր ելույթում նշել է հատուկ ծառայությունների կարևոր դերը միջազգային անվտանգության համակարգին սպառնացող ահաբեկչական հարձակումների, զինված հակամարտությունների, մարդածին վթարների և բնապահպանական աղետների կանխարգելման գործում, ընդգծել է այդ բացասական երևույթներից բխող մարդասիրական ճգնաժամերի ժամանակ համապարփակ մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև երկրների անվտանգության կառույցների և համապատասխան գործակալությունների կողմից համակարգված ջանքերի անհրաժեշտությունը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Այն ավարտվել է պատվիրակությունների ղեկավարների կողմից Բաքվի անվտանգության ֆորումի հռչակագրի և կանոնադրության ընդունմամբ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Տեսանյութը՝ այստեղ:


