Ադրբեջանն ամեն օր խոսում է կոնֆլիկտի լեզվով. Փաշինյան
Ադրբեջանն ինքն իրեն հակասում է, որ 2021 թվականը և հաջորդող շրջանը իրենք պաշտոնական մակարդակում անվանում են հետկոնֆլիկտային շրջան, բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն` Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ ուժի և ուժի կիրառման սպառնալիք և «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի պետության գոյությունն իսկ: Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու, կներեք, իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է:
Իմիջիայլոց, և հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես մի կողմից ասում եմ, որ այս գծից արևմտյան Ադրբեջանն այստեղ է, այս գծից այս կողմ «արևմտյան Ադրբեջան» չկա, բայց ես հասկանում եմ, որ կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ այստեղ է։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է և մեր պատկերացումն է, որովհետև եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում, նորից եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների և այլն, բայց եթե մենք ուզում ենք կառուցել՝ հոսող տարածաշրջանի վրա հնարավոր չէ ոչ մի բան կառուցել։
Իմիջիայլոց, շատ կարևոր բան կա։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն ունեն արդեն իսկ փոխադարձորեն վավերացված առաջին միջազգային փաստաթուղթը, որը մեր երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որը ստորագրվել է մեր երկրների հանձնաժողովների կողմից և մեր երկրներում առկա ընթացակարգերով վավերացվել, որտեղ արձանագրվում է, որ սահմանազատման հիմքը, բազային սկզբունքն Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականին, մեր հարցի համատեքստում երկու արձանագրում է անում, առաջինը, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, և Խորհրդային միության երկրների ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ։
Եվ հետևաբար, այդ խոսույթն արդեն իսկ հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող դե յուրե փաստաթղթին, ուղիղ հակասում է: Մենք այդ պայմանավորվածությանը հավատարիմ ենք և հետևողական, համբերատար շարժվում ենք խաղաղության ուղղությամբ»,- հայտարարեց նա: