հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց չբարձրացվեց ԵԽԽՎ-ում, քանի որ սա գործընթաց է, որը շարունակվում է․ Ռուբեն Ռուբինյան․ «Առավոտ»

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց չբարձրացվեց ԵԽԽՎ-ում, քանի որ սա գործընթաց է, որը շարունակվում է․ Ռուբեն Ռուբինյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտը» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  աշնանային նստաշրջանի աշխատանքի գնահատականների հետ կապված զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ: 

- Ի՞նչ կշիռ ունի ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ հետ քաշվել ՀՀ ինքնիշխան տարածքից եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԵԽԽՎ հայտարարություններն ու բանաձեւերը պատադիր կատարման չեն:

- ԵԽԽՎ հայտարարությունները, այդ թվում ԵԽԽՎ համազեկուցողներինը, այո, պարտադիր բնույթ չունեն, բայց դրանք ունեն քաղաքական կշիռ: Համազեկուցողների հայտարարությունն ուղիղ եւ առանց այլեւայլությունների Ադրբեջանին կոչ է արել դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից եւ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունների վերաբերյալ:

- Թեեւ Ադրբեջանի հասցեին ԵԽԽՎ-ում հնչող քննադատություններին ադրբեջանցի պատվիրակները հակադարձում էին՝ նաեւ մեղադրելով հայ պատվիրակներին, բայց միեւնույն ժամանակ ԵԽԽՎ նախագահը հորդորեց երկու պատվիրակություններին օգտագործել ԵԽԽՎ նստաշրջանի հնարավորությունը եւ փորձել իրավիճակը բարելավել՝ միմյանց հետ քննարկելով: Արդյոք ադրբեջանական պատվիրակության անդամների հետ հանդիպում եղե՞լ է:

- Ոչ: Չի եղել նման նախաձեռնություն ոչ մեկի կողմից:

- ԵԽԽՎ նստաշրջանն ինչպե՞ս կգնահատեք: Քննադատություններ են հնչում ՀՀ պատվիրակության հասցեին, որ թեեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկում եղավ, բայց որեւէ փաստաթուղթ արդյունքում չընդունվեց: 

- Քննարկման ձեւաչափն այդպիսին էր: Ընթացիկ հարցի քննարկում էր, որը չի ենթադրում բանաձեւի ընդունում, բայց դա կարեւոր քննարկում էր, քանի որ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները հստակ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան եւ կոչ արեցին դուրս բերել ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, եւ նաեւ դրան զուհագեռ համազեկուցողները հայտարարություն ընդունեցին: Աշխատելու ենք արդեն բանաձեւ ստանալու ուղղությամբ, բայց դա արդեն այս նստաշրջանի համար չէ: 

- Ռազմագերիների հետ կապված հարցով առաջընթաց կա՞, քանի որ բացի նիստերին այդ հարցի բարձրացումից, նաեւ հայկական պատվիրակության անդամները քննարկումներ են ունեցել այդ հարցով: Պայմանավորվածություններ ուրվագծվո՞ւմ են, որ առաջիկայում հայ ռազմագերիների ազատ արձակման հետ կապված դրական քայլեր լինեն:

- Մենք ընդհանուր առմամբ մեր բոլոր հանդիպումներում, քննարկումներում, բնականաբար, բարձրացնում ենք ռազմագերիների հարցը եւ պետք է շարունակենք մեծացնել ճնշումը միջազգային գործընկերների աջակցությամբ:

- Դուք հանդիպում եք ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, որը նամակ էր հղել Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ զգուշացրել, որ ուշադիր հետեւելու են, թե Ադրբեջանն ինչ քայլեր է ձեռնարկում ռազմական հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Որոշ մանրամասներ կհայտնե՞ք հանդիպումից, ժամկետներ դրվե՞լ են Ադրբեջանի առաջ: 

- Մանրամասներ չեմ կարող հայտնել: Ընդհանուր առմամբ ներկայացրել եմ մեր դիրքորոշումները, ԵԽ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ նման նամակ է ուղարկել, հարցն իր ուշադրության ներքո է: Սպասենք, կտեսնենք: Նաեւ հանդիպելու եմ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին: 

- Ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ-ում չբարձրացվեց Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցը:

- Այս անգամ չբարձրացվեց, բայց, կրկնում եմ, հստակ դատապարտվեցին ադրբեջանական գործողությունները, եւ մենք ճնշումը շարունակելու ենք մեծացնել: Պատճառն այն է, որ սա գործընթաց է, եւ այդ գործընթացը շարունակվում է: 

- Պարոն Ռուբինյան, Ձեր ելույթում հնչեցրած այն մտքի պատճառով, թե հասկանում եմ, որ մեր գործընկերները մի կողմ էին քաշվում, երբ խոսքը ԼՂ մասին է, Ձեզ քննադատեցին, թե այդպիսով փակեցիք ԼՂ հարցը: Ինչպե՞ս կգնահատեք այս քննադատությունները. Ձեզ սխա՞լ են հասկացել:

- Բացարձակ տեղին չեն այդ մեկնաբանությունները: Իմ ելույթում ասվածը շատ պարզ էր: Տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում, եւ խոսել եմ դրա մասին ու կոչ արել դատապարտել, ինչը տեղի ունեցել է: Մնացած մեկնաբանություններին նախ ծանոթ չեմ, ծանոթ եմ միայն Հայկ Մամիջանյանի մեկնաբանությանը, որը, բնականա- բար, չեմ ընդունում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: