ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի հետ շփումները կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով փորձ է արվում լուծել ժողովրդի կենսագործունեության հետ կապված հարցեր, և շատ դեպքերում արդեն արդյունքներ կան. ԱՀ նախագահ

Ադրբեջանի հետ շփումները կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով փորձ է արվում լուծել ժողովրդի կենսագործունեության հետ կապված հարցեր, և շատ դեպքերում արդեն արդյունքներ կան. ԱՀ նախագահ

Կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Արցախի նախագահ Սրայիկ Հարությունյանը:

«Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով»,- բացատրել է նա:

Նախագահը ընդգծել էմ, որ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները:

Հարությունյանը շեշտել է, որ պետք է հաշվի առնել, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին: Մի բան հստակ է, ընդգծել է նա, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել:

«Մենք պատրաստ ենք լսելու ցանկացած քննադատություն, դրանից քաղելու դասեր ու խորհուրդներ, բայց երբեք չենք կարող անգործություն ցուցաբերել՝ քննադատվելու մտավախությունից ելնելով, դա քաղաքական իշխանության և պետական կառավարման տապալում կլինի, մենք՝ իշխանություններս, պետք է խիզախություն ցուցաբերենք և պատրաստակամ լինենք գործելու, կարևորն այն է, որ մեր որոշումների ու գործողությունների հիմքում բացառապես Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության շահն է: Այդ շահը սպասարկելու համար մենք ստանձնել ենք պատասխանատվություն և ունենք բավարար կամք»,- եզրափակել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: