հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի պայմանագրաունակության վերաբերյալ. վարչապետ

Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի պայմանագրաունակության վերաբերյալ. վարչապետ

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի լայն արձագանք է հարուցել: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։

«Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- եզրափակեց վարչապետը։

Անդրադառնալով տարածաշրջանում ներկա իրավիճակին՝ վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։ «Պետք է ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին իր որոշմամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։

«Խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի այնքան, որքան անհրաժեշտ է»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: