հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին ՀՀ-ի կողմից դրական պատասխան ենք ակնկալում, այն ձեռնտու կլինի բոլորին. Չավուշօղլու

Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին ՀՀ-ի կողմից դրական պատասխան ենք ակնկալում, այն ձեռնտու կլինի բոլորին. Չավուշօղլու

Անթալիայում ընթացող համաժողովի փակման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը պետք է դրական արձագանքի Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրին, քանի որ դա բոլորի համար դրական կլինի, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է. ՛՛Կովկասում մենք եռակողմ, քառակողմ մեխանիզմներ ունենք։ Եթե հարաբերությունները կարգավորվեն, խաղաղության համաձայնագիր լինի, ապա ինչո՞ւ Հայաստանին էլ չներառենք, եթե խաղաղությունից ու կայունությունից ենք խոսում։ Սակայն դրա համար Հայաստանն էլ պետք է նույն ըմբռնումն ունենա։

Պատերազմն ավարտվել է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն ու բանակցեն, իմ կարծիքով՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում երրորդ կողմ չպետք է լինի։ Եթե անհրաժեշտ լինի, մեզ հետաքրքրող ինչ-որ բան լինի, իհարկե, կաջակցենք՛՛:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իրենք կողջունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցանկացած քայլ։

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հետ երեկ կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ այն չափազանց արդյունավետ էր. ՛՛Խոսեցինք, թե հարաբերությունների ամբողջական կարգավորման համար ինչ է անհրաժեշտ։ Ասացի, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին Հայաստանի կողմից դրական պատասխան ենք ակնկալում, քանի որ այն բոլորի համար ձեռնտու կլինի՛՛:

Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները շուտով կմեկնարկեն:

  • Կիսվել: