երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Փաշինյանի արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Փաշինյանի արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան արձագանքել է հուլիսի 23-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ինչպես գրում է ԱՊԱ-ն, Աբդուլաևան, մասնավորապես, նշել է, որ հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»:
 
Ըստ նրա, «դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացը` պահանջելով փոխել դրա ձևաչափը: Սակայն դա տեղի ունենալ չի կարող»:
 
Նշենք, որ կառավարության նիստին իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։
 
«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշել է Փաշինյանը։
 
Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է․
 
«Այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»։
 
Վարչապետը նաև խոսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։
 
«Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: