չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ադրբեջանցիները մեր տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես տանը, իսկ պետական տեղեկատվական կառույցները զբաղված են ԲՀԿ-ի դեմ ստահոդ տեղեկատվական տեռորով. Աբովյան

Ադրբեջանցիները մեր տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես տանը, իսկ պետական տեղեկատվական կառույցները զբաղված են ԲՀԿ-ի դեմ ստահոդ տեղեկատվական տեռորով. Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։

Նա մասնավորապես նշել է, որ երբ կորոնավիրուսի համավարակը դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ, իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը վարկաբեկող շինծու նյութեր է տարածում։

Աբովյանի գրառումը՝ ստորև․

«Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության «խրոնիկ» պակասը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։ Բավական է պարզապես հետևել իշխանության հիստերիկ գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։

Օրինակ, ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ-ն է։

Երբ կորոնավիրուսի համավարակը, դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ՝ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը վարկաբեկող շինծու նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։

Կամ մեկ ուրիշ օրինակ, երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ-ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ ԲՀԿ-ի դեմ։

Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը, իսկ պետական տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների, ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ, հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները... Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)»։ 

  • Կիսվել: