հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում վարակակիր չկա, դրանք «քստմնելի լուրեր են»․ Արման Բաբաջանյանը ներկայացրել է մանրամասներ իր այցելությունից

«Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում վարակակիր չկա, դրանք «քստմնելի լուրեր են»․ Արման Բաբաջանյանը ներկայացրել է մանրամասներ իր այցելությունից

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վարակակիր աշխատակից չկա, ավելին քրեակատարողական հիմնարկում խոցելի խմբում գտնվող որևէ աշխատակից, որևէ կալանավոր, որևէ դատապարտյալ չկա, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հերքելով տարածվող լուրերը, թե «Երևան-Կենտրոն»-ի երեք աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան պատգամավորը գնացել է ԱԱԾ շենքում գտնվող քրեակատարողական հիմնարկ, բայց թե ինչո՞ւ, հայտնի չէր։

Պատգամավորը իր ֆեյսբուքյան լայվում տեղեկացրեց, որ զրուցել է քրեակատարողական հիմնարկի բժշկի հետ, հանդիպել հիմնարկի պետին, խոսել աշխատակիցների հետ։ Նա ընդգծեց՝ վարակակիր աշխատողների առկայության մասին «քստմնելի լուրեը» կապված են գլխավոր մեղադրյալի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Քրեակատարողական հիմնարկում բավական խիստ միջոցառումներ են իրականացվում համավարակով պայմանավորված։ Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են խցերը և դա զգալի էր քլորի հոտից։ Տեսակցությունների սենյակը նույնպես ախտահանվում է, սոցիալական հեռավորության հետ կապված նույնպես հարցերը լուծված են՝ փաստաբաններին տրամադրվում են հավելյալ աթոռներ անհրաժեշտ պայմանները ապահովելու համար», - նշեց Բաբաջանյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, այս պահին «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում կան 33 դատապարտյալներ և կալանավորներ։

Այստեղ էին նաև Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, Բաբաջանյանի փոխանցմամբ, նրանք այս պահին գտնվում են տարբեր հիվանդանոցներում՝ Խաչատրյանը՝ «Աստղիկ» ԲԿ-ում, Քոչարյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Ինչ վերաբերում է մատակարարվող սննդին, Բաբաջանյանն ասաց, որ այս ՔԿՀ սնունդը մատակարարում է «Արտ լանչ» ընկերությունը, և սնունդը «շատ ապահով է»։ Համավարակի պայմաններում քրեակատարողական հիմնարկը, ըստ պատգամավորի, անազատության մեջ գտնվող մարդկանց տվել է հնարավորություն հեռախոսով ավելի հաճախ շփվել հարազատների հետ։ «Այս պայմաններում մտահոգվելու առիթ չկա», - ասաց Բաբաջանյանը։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության մասին որոշումը։ Պաշտպանները միջնորդել էին կալանքից ազատ արձակել Քոչարյանին, քանի որ նա կորոնավիրուսի վարակի համար ռիսկային խմբի մեջ է մտնում և բացի այդ ունի հիվանդություններ։

Պաշտպանները իրենց միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էին, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վարակի առաջացման հնարավորությունը մեծ է։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավաստել էր, որ ՔԿ-ում կա երեք կորոնավիրոիսով վարակված աշխատակից:

  • Կիսվել: