ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
30 տարի Ղարաբաղի մասին բանակցում էին, թող Միշիկը դա ինտերնետում դներ, ասեր՝ հայրիկը որոշել է 7 շրջաններն առանց նախապայմանի վերադարձնել. Փաշինյան

30 տարի Ղարաբաղի մասին բանակցում էին, թող Միշիկը դա ինտերնետում դներ, ասեր՝ հայրիկը որոշել է 7 շրջաններն առանց նախապայմանի վերադարձնել. Փաշինյան

Փաստաթղթի 90 տոկոսը փակում են, ասում են՝ տեսեք, սա ապացույց, որ դավադրություն է տեղի ունենում. բա եթե դավադրություն է, ինչի՞ եք փակել տողերը, բացեք, թող բոլորը տեսնեն, որ դավադրություն է տեղի ունենում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գաղտանզերծված փաստաթղթին, որը նախատեսված է, որ ստորագրեն Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Փաշինյանն ասաց. ՛՛Ասում են՝ ինչու է վերեւում գրված հավելված: Ըստ էության վրիպակ է, պետք է լիներ նախագիծ: Դա մեծ ուշադրության չի արժանացել, որովհետեւ այնպես չի, որ սա բանակցված, ստորագրության դրված փաստաթուղթ է, որ էդ դետալներով մենք քննարկենք:

Ասում են՝ ժողովրդի թիկունքում ի՞նչ փաստաթուղթ եք ուզում ստորագրել: Դա նույն է, որ ասեք՝ ժողովրդի թիկունքում ՌԴ նախագահի հետ ի՞նչ հեռախոսազրույց եք ունենում: Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն է ընդունվել եւ հրապարակվել, բա ինչի՞ չեն ծագել այդ նույն հարցերը: Կամ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ընդդիմությունն ասում է՝ հակապետական է, պետք է վավերացվեր ԱԺ-ում, բայց մենք որ լինենք իշխանություն, չենք չեղարկելու դա:

Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չի: Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով: Ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրի: Դա տրվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է ԱԳ նախարարություն, նախարարն էլ՝ ինձ՛՛:

Այս բանակցությունների ընթացքում, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից ձեւակերպվող թեզեր կան, որ ինքը նախ մեր ընդդիմության ներկայացուցիչներից է լսում:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ սահմանազատման հարցի մասին. ՛՛Հայաստանն այսօր արցախյան առաջին պատերազմից հետո Խորհրդային Հայաստանի ավելի քան 70 քառակուսի կլիոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսօր սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի այդ գյուղերը չունեն վարելահող, որովհետեւ իրենց հողերը օկուպացված են:

Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈւ հսկողության ներքո: Ավելին ասեմ, դեռեւս 1990-ականներից կան Ադրբեջանի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: մենք հիմա պետք է խոսենք, հասկանանք, թե ինչ ենք անում: Կան ամենատարբեր տարբերակներ: Օրինակ, եղած վիճակը արձանագրում ենք որպես պետական սահման: Երբ խոսում են անկլավների մասին, ինչի՞ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց՛՛::

Փաշինյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք դրանով Ղարաբաղի հարցը նու՞յնպես փակվում է: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛1991 թվականի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում ընդունվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը, դրանով կողմերը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991-ին: Եթե այստեղ խնդիր կա, դա ստեղծվել է 2010-ին, երբ այս դահլիճում ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Հարց է հնչում, թե չենք կարո՞ղ այս գործընթացն իրականացնել ընտրություններից հետո: Այսինքն այս իշխանությունը պետք է ասի՝ Հայաստանում իշխանություն չկա, զորքերն եկել են, ոչինչ, թող մնան, մենք չենք զբաղվում այս հարցով, ընտրություններից հետո կլուծենք: Հետո քարոզարշավի ժամանակ մի տեղից էլ մտնեն: Հետո ստիպված լինենք ռազմական դրություն մտցնել:

Ինչպե՞ս է ստեղծվելու այդ հանձնաժողովը: Դեռեւս 2020-ի նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին ԱԳ նախարարը կրկին տեղյակ չէ, որովհետեւ այն ղեկավարում է ԱԳ փոխնախարարը:

Ասում են, որ սա պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից: Իսկ երբ ասենք հունվարի 11-ին հայտարարություն է ընդունվել, որ եռակողմ հանձնաժողով է ստեղծվում հաղորդակցության ուղիների բացման հարցերով, ինչո՞ւ այդ ժամանակ այս աղմուկը չի եղել: Վավերացման անհրաժեշտություն չկա, պետք է խոսել արդյունքների վավերացման մասին:

Բա 30 տարի Ղարաբաղի մասին բանակցում էին, թող Միշիկը դա ինտերնետում դներ, ասեր՝ հայրիկը որոշել է 7 շրջաններն առանց նախապայմանի վերադարձնել՛՛:

Եզրափակելով՝ Փաշինյանն ասաց, որ  մենք իրոք դժոխային ճանապարհի միջով ենք անցնում, բայց պետք է անցնենք այն:

  • Կիսվել: