«3+3»-ի հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում. Կոստանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները, ինչպես նաև հաղորդակցման ուղիների վերաբացման վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածությունը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին նախարարական հայտարարության համաձայն՝ հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում կամ Բաքվում, մենք նախատեսում ենք երկկողմ խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ»:
Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը մասնակցել է այս ձևաչափին առաջին իսկ նիստից, նախ՝ փոխնախարարների, ապա՝ նախարարների մակարդակով։
«Մենք կարծում ենք, որ այս երկխոսության ձևաչափը կարող է լավ հարթակ լինել տարածաշրջանային նախագծերի, հատկապես՝ փոխկապակցվածության ծրագրերի քննարկման համար»,-ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ Կոստանյանը նշել է, որ «նոր դարաշրջան ենք թևակոխում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն»։
«Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների վերականգնումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության լիակատար փոխադարձ հարգանքի պայմաններում: Գործնականում դա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի մուտք Հայաստան և, ի վերջո, Սև ծով»,- նշել է Կոստանյանը:
Խոսելով տարածաշրջանում երրորդ երկրների ներկայության հնարավորության մասին՝ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Իրանի մտահոգությունները հաշվի են առնվել «Թրամփի» նախագծի շուրջ բանակցությունների ընթացքում:
«Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որում բաժնետոմսեր կունենան Հայաստանը և Միացյալ Նահանգները: Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը անվտանգային ներկայություն կունենա տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ դա եղել է իրանական կողմի առանցքային անհանգստություններից մեկը, և կարծում եմ, որ այդ մտահոգությունը վերացվել է»,- նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ Երևանի համար Իրան-Հայաստան անխափան կապը ռազմավարական նշանակություն ունի:



