երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023թ. հունվարի 1-ից աշխատավարձերը կբարձրանան

2023թ. հունվարի 1-ից աշխատավարձերը կբարձրանան

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրանա՝ 68000 ՀՀ դրամից դառնալով 80 000 ՀՀ դրամ։

Այսօր` մարտի 10-ին կառավարությունն ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը. «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 80 000 ՀՀ դրամ և ըստ այդմ սահմանել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր»։
 

Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, այն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:
Նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումը անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով:
 

Վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110,000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված` մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։ Պետք է գնահատել նվազագույն ամսական աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի տնտեսապես հիմնավորված հարաբերակցության չափը։ Հակառակ դեպքում մակրոտնտեսական համամասնությունները կխեղաթյուրվեն (հավասարակշռությունը աշխատանքի շուկայում)՝ բացասաբար ազդելով աշխատանքի շուկայի ցուցանիշների վրա՝ զսպելով տնտեսական աճը, ինչպես նաև առաջացնելով գնաճային ճնշումներ։
 

Եթե տեղի չունենան վարձու աշխատողների թվի նվազման և ոչ ֆորմալ հատված տեղափոխման հանգամանքները, մոտ 18 տոկոսով (այնքան որքան առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը) կբարձրանան նաեւ մինչև 90.000 դրամ աշխատավարձերը, որի արդյունքում որոշակի կբարձրանան մինչև 500.000 դրամ աշխատավարձերը, ինչի հետ կապված պետական բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով կաճեն շուրջ 16.4 մլրդ դրամի չափով։

  • Կիսվել: