շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ.Արթուր Դավթյան

Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ.Արթուր Դավթյան

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է 44 հազար 751 քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 10 հազարով: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը՝ 44 հազար 751 քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:

Անդրադառնալով զուտ դատախազական աշխատանքին` Դավթյանը նշեց, որ այս քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել:

«Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքներին»,- ասաց Դավթյանը:

  • Կիսվել: