ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
110 տարի է անցել էթնիկ ինքնության, հավատքի և մշակութային ցեղասպանությունից. Թուրքիայի քրդամետ կուսակցություն

110 տարի է անցել էթնիկ ինքնության, հավատքի և մշակութային ցեղասպանությունից. Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կետրոնական վարչությունը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Նշվել է, որ կուսակցությունը կիսում է տեղի ունեցածի ցավը։ Ընդգծվել է, որ առերեսումը, տուժած ժողովուրդներից և հավատքի հետևորդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատությունը կենսական նշանակություն ունեն հանրային համերաշխության կառուցման հարցում, գրում է ermenihaber.am-ը:

Քրդամետ կուսակցության այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն եզրույթը․ «Մենք կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը․․․

110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված էթնիկական ինքնության, հավատքի և մշակույթի ցեղասպանությունից, երբ 200 հայեր տեղահանվեցին իրենց տներից և կոտորվեցին։ Այս ընթացքում հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին։ Այս քաղաքականության և գործելակերպի արդյունքում այս հողերում այլ քրիստոնյա ժողովուրդներ նույնպես կոտորվեցին և սպանվեցին»:

Շեշտվել է, որ քաղաքական և հասարակական մակարդակով պետք է ընդունվի, որ Թուրքիայի տարածքում ապրող որևէ էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք առավել չէ մյուսներից, այլ բոլորը հավասար են։ Այս համատեքստում նշվել է, որ տարբերությունները ջնջելով միատարր հասարակություն ստեղծելու մոտեցումը/ընկալումը մոլորություն է եղել։

Հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը․ «Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ։ Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը կազմող Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների համար անհրաժեշտություն է ու նրանց շահն է, և՛ Կովկասում խաղաղություն կառուցելու ուղին է»։

Նշենք, որ «DEM» կուսակցության նախորդ տարվա ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվել էր Մեծ Եղեռն եզրույթը։

  • Կիսվել: