երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սաթի Սպիվակովան հայրենիքում հանդես եկավ «Դեղձանիկը» ներկայացմամբ

Սաթի Սպիվակովան հայրենիքում հանդես եկավ «Դեղձանիկը» ներկայացմամբ

Միայնություն, դեպրեսիա, անվերջ թախիծ. այսպիսին են եղել քսաներորդ դարի ամենանշանավոր կանանցից մեկի՝ օպերային աստղ Մարիա Կալասի կյանքի վերջին օրերը: Մի քիչ խենթացած, կյանքի, սակայն ոչ բեմի և օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած Կալասը հիշում է իր ընտանիքի անդամներին՝ մորը, հորը, քրոջը, նախկին ամուսնուն և իր մեծագույն սիրուն՝ հույն գործարար Արիստոտել Օնասիսին, որի հանդեպ տածած անմնացորդ սիրո պատճառով հրաժարվել է բեմից և խորտակել իրեն:

2024.04.05_20.43.05.80.jpg (444 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարիա Կալասի կյանքի դրամատիկ էջերը, վերելքներն ու վայրէջքները ռեժիսորական հետաքրքիր, զուսպ լուծումներով, դերասանական վառ խաղով ներկայացված են Ռուսաստանի «Ազգերի թատրոն»-ի «Դեղձանիկը» բեմադրության մեջ, որում Կալասին մարմնավորում է հայազգի Սաթի Սպիվակովան:

«Ազգերի թատրոն»-ը երևանյան հյուրախաղերի ընթացքում «Դեղձանիկը» թատերասերներին ներկայացրեց ապրիլի 5-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

2024.04.05_20.48.35.58.jpg (503 KB)

Ներկայացման մեջ Մարիա Կալասը, խոսելով բեմի մասին, ասում է, որ յուրաքանչյուր ելույթ ճակատամարտ է, իսկ Սաթի Սպիվակովայի համար ամեն հանդիպում հանդիսատեսի հետ՝ խորը և դանդաղ շունչ և արտաշունչ:

«Յուրաքանչյուր կիրթ մարդու համար Մարիա Կալասը համաշխարհային երաժշտարվեստի ականավոր դեմքերից էր, նա հանճարեղ երգչուհի էր, փառահեղ  արտիստ, անհատ, որը լուսավորում էր կյանքն ու մինչ օրս անում է դա, որովհետև այսօր էլ ունկնդրում ենք նրա ձայնը, մինչ օրս բոլոր երգչուհիներին համեմատում ենք Կալասի հետ: Նա կարողացավ օպերային արվեստը բաժանել մինչև ինքը և իրենից հետո, մինչ օրս ոչ ոք նրա հետ չի կարող համեմատվել»,-շեշտում է Սաթի Սպիվակովան և հիշեցնում, որ Կալասն ասել է. «Ոչ ոք չի կարող երգել ինչպես Կալասը»:

2024.04.05_20.49.03.14.jpg (448 KB)

Սպիվակովան Կալասի դերը կերտելիս նրան ընկալել է որպես սովորական կնոջ՝ իր բոլոր թուլություններվ, անհանգստություններով, կամակորություններով, հուսահատություններվ: «Նա հորինված կերպար չէ և շատ դժվար է, վտանգավոր նման կերպար կերտելը: Պետք է զգույշ մոտենալ դերին, որպեսզի կրկնօրինակում չստացվի: Պետք է  ուսումնասիրել, հասկանալ, թե ով էր այդ մարդը: Ինձ համար կարևոր էր ներթափանցել Կալասի ներաշխարհ: Նա ինձ համար շատ կենդանի, մահացու վիրավոր կին է, որը  շատ վառ կյանքով է ապրել»,-ընդգծում է Սաթի Սպիվակովան:

2024.04.05_21.48.45.98.jpg (731 KB)

«Դեղձանիկը» բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը: Ներկայացման հիմքում լրագրող և սցենարիստ Մարիա Վարդենգայի «Դեղձանիկը» պիեսն է:

Դմիտրի Սերդյուկի խոսքով՝ ներկայացումը հնարավորություն է տալիս խորհել այն մասին, թե ինչպես է արտիստը կորցնում իր շնորհը:

«Չափազանց օժտված լինելով՝ Մարիա Կալասը սիրո պատճառով հրաժարվեց իր կարիերայից: Նրա հարաբերություններն Արիստոտել Օնասիսի հետ Կալասի դժբախտությունն էին: Կալասն Օնասիսին ասել է. «Եթե չես ուզում, ես չեմ երգի»: Այդ ժամանակ օպերային դիվան կորցնում է իր ձայնը, և սկսվում է մասնագիտական ​​անհաջողությունների շղթան, իսկ հետո այն մարդը, հանուն որի Մարիա Կալասը դավաճանեց Աստծուն իր մեջ, լքում է նրան»,-ասում է ռեժիսորը:

2024.04.05_21.01.15.97.jpg (505 KB)

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց բեմադրությունը՝ դերասաններին ստիպելով մի քանի անգամ բեմ վերադառնալ: Ներկայացումից հետո Սպիվակովան նշում է՝ կփորձի ապրիլի 6-ին կայանալիք ներկայացմանն ավելի շատ հույզեր փոխանցել հանդիսատեսին: 

2024.04.05_21.09.55.15.jpg (1.00 MB)

Խոսելով Հայաստանի համար դժվար ժամանակների մասին՝ Սպիվակովան ասում է. «Ես չեմ հիշում մարդկության պատմության մեջ թեթև շրջան: Ցանկանում եմ, որ իմ հայրենիքում՝ Հայաստանում, միշտ խաղաղություն, հանգստություն լինի, որ մարդիկ սիրեն միմյանց՝ անկախ նրանից, թե որտեղից են՝ Երևանից, Արցախից, Թբիլիսիից, թե այլ վայրից: Մենք փոքր ազգ ենք ու պետք է ավելի շատ լսենք միմյանց, հարգենք, սիրենք և միասնական լինենք, համախմբված»,-հավաստիացնում է դերասանուհին և շնորհակալություն հայտնում «Ազգերի թատրոն»-ի իր գործընկերներին, որոնք սիրով են եկել Հայաստան, թատրոնի հյուրախաղերի կազմակերպչին՝ «GeoProMining Gold» ընկերությունը:

2024.04.05_21.14.49.93.jpg (799 KB)

2024.04.05_20.37.40.61.jpg (636 KB)

  • Կիսվել: