հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զինվորականներն՝ ընդդեմ Ալիեւի

Զինվորականներն՝ ընդդեմ Ալիեւի

«Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական բանակն անհամբեր սպասում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գերեվարելու հրամանի: Այդ աղմկահարույց հայտարարության առթիվ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ եթե Հասանգուլիեւը լիներ գործադիր իշխանության պաշտոնյա, ապա կարժանանար նախագահի քննադատությանը եւ կհեռացվեր:

Հաջիեւը նաեւ հույս է հայտնել, որ Միլլի մեջլիսի ղեկավարությունը կքննարկի Հասանգուլիեւի վարքը եւ նրա նկատմամբ կարգապահական միջոցառումներ կկիրառի: Թվում է՝ ամեն ինչ տրամաբանության մեջ է. խորհրդարանի «անկախ» պատգամավորն իր մոտեցումն է արտահայտել, բայց իշխանությունը նրա հետ համաձայն չէ: Բայց ահա Հասանգուլիեւի հայտարարության առթիվ վերաբերմունք է արտահայտել հակառակորդի ռազմական գերատեսչությունը եւ փաստացի ողջունել պատգամավորին: Ըստ այդմ, ադրբեջանական զինվորների կողմից չգերավարվելու, չսպանվելու մի ընտրություն կա՝ «անհապաղ հեռանալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Կարեւոր չէ՝ խոսքը կնո՞ջ մասին է, ծերունու՞, թե՞՝ երեխայի: «Ով զենք է բռնում եւ նշանառության տակ առնում ադրբեջանական գյուղերն ու այնտեղ ապրող մարդկանց, մեր թշնամին է»,-փարիսեցիաբար հայտարարել է հակառակորդի ռազմական գերատեսչությունը, իսկ նրան ձայնակցող լրատվամիջոցն իր հերթին ավելացրել է. «Եթե վաղը Տոլստոյի Աննան գնացքի ռելսերի տակից հառնի եւ Ղարաբաղում դիպուկահարի հրացան վերցնի, կյանքին երկրորդ անգամ հրաժեշտ կտա»:

Խնդիրն այստեղ քարոզչության նենգանտությունը եւ ցինիզմը չէ, այլ՝ որքանո՞վ է Իլհամ Ալիեւը տիրապետում իրավիճակին, եթե մեկ օր առաջ նրա օգնականը սուր քննադատության է ենթարկում Միլլի մեջլիսի պատգամավորին, բայց պաշտպանության նախարարությունը ոչ միայն չի կիսում դա, այլեւ բացահայտ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկնոջը գերեվարելու գաղափարին: Զինվորականներն ընդդիմանու՞մ են Ալիեւին: Թե ամեն ինչ «ժանրի օրինաչափությունների» մե՞ջ է:

  • Կիսվել: